Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը:
Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը:
Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաև միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա:
Արդյունքում՝ միասնական ընթացակարգին համապատասխան ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի:
Ըստ աղբյուրի, քննարկման ժամանակ կարևորվել է այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը:
Միաժամանակ ընդգծվել է, որ առհասարակ այս երկու նախագծերի ընդունումն էական քայլ է միասնական շուկայի կայացման ուղղությամբ: Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ Բիշքեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին