Հայկ Ղուկասյան. «Համոզված եմ` մեկ գյուղից դուրս կգա 100-150 մարզիկ»
«Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի չորս գյուղերում` Պառվաքար, Վարագավան, Նավուր և Վազաշեն, կբացվեն ԱրմՖայթինգ ակումբներ, որտեղ Երևանից ժամանակ մարզիչները կաշխատեն տեղի երեխաների հետ:
Panorama.am-ի հետ զրույցում Հայկ Ղուկասյանը փաստեց, որ անձամբ այցելել է սահմանամերձ գյուղերը, ծանոթացել կատարվող աշխատանքներին և տեսել այն երեխաների ոգևորությունը, որոնք անհամբեր սպասում են ակումբների բացմանը:
«Մեկ տարուց ավել սահմանամերձ գոտիներում նման ծրագրեր եմ իրականացնում: Մարզամշակութային մեծ կենտրոն եմ ստեղծում, որը կբացվի հուլիսին: Այն գտնվում է 7 գյուղերի մեջտեղում: Մենք ունենք հատուկ մշակված ծրագիր, ըստ որի պետք է ուշադրություն դարձնենք գյուղերում գտնվող բնակչությանը: Այնտեղ կլուծենք սպորտին, տուրիզմին, մշակույթին վերաբերող մի շարք սոցիալական հարցեր:
Նոյեմբերի 16 ֊ին Տավուշի մարզի չորս գյուղերում` Պառվաքար, Վարագավան, Նավուր և Վազաշեն, մենք կբացենք ԱրմՖայթինգ ակումբներ, որտեղ կմարզվեն երեխաները։ Մարզիչներն առավոտյան կմեկնեն գյուղեր, կծանոթանան համայնքների ղեկավարների հետ: Այնտեղ տներ ենք վարձել, Երևանից մեր մարզիչները կգնան, ընթացքում կպատրաստենք մարզիչներ արդեն գյուղի բնակիչներից, այնուհետև կանցնենք մյուս գյուղերին»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Հայկ Ղուկասյանը տեղեկացրեց, որ համագործակցում են նաև եկեղեցու հետ` թեմի առաջնորդարանի, սրբազանի, քահանաների: Սպորտի հետ համատեղ` նրանք էլ հոգևոր դասեր կտան երեխաներին:
«Ինքս այցելել եմ գյուղեր, հետևել եմ կատարվող աշխատանքներին: Երեխաները շատ ոգևորված են: Ես հենց այդ երեխաներով եմ ապրում: Տեսնելով նրանց ոգևորությունը` ուղղակի հաճույք եմ ստանում: Իմ կամ իմ մարզիչների գիտելիքները երեխաներին փոխանցելը դա երջանկություն է: Ուշադրություն ենք դարձնում առողջ սերնդին: Հիմա լուծում ենք տեղի մարզական գույքի հարցը, որպեսզի մարզիչները պրոֆեսիոնալ կարգով սկսեն աշխատանքը: Համոզված եմ` մեկ գյուղից դուրս կգա 100-150 մարզիկ:
Սպորտում գործ անել է հարկավոր: Շատ կան մարդիկ, ովքեր խոսում են հայրենասիրությունից, սակայն երբևէ իրենց կյանքում գյուղերից որևէ մեկին մեկ գնդակ անգամ նվիրած չկան»,- ասաց Ղուկասյանը:
Օրերս Ստեփանակերտում անցկացվեց «ArmFighting Selection-22» ընդհանուր մենամարտերի մրցաշար, որը նվիրված էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Հայկ Ղուկասյանը հպարտ է և միաժամանակ ուրախ, որ հուշամրցաշարը հնարավոր եղավ բարձր մակարդակով կազմակերպել ու անցկացնել:
«Մեր ֆեդերացիայի մեջ մենք ունենք հետևյալ կետը. պարտադիր կարգով յուրաքանչյուր տարի 4-6 անգամ կազմակերպել միջոցառումներ և հուշամրցաշարեր` մեր հայ ազատամարտիկների անուններով: Այսպես ոգեկոչում ենք երեխաներին, որ լինեն հայրենասեր, քանի որ նման մարդիկ իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի: Երեխան պետք է հասկանա, որ եթե այսօր հանգիստ ապրում և մարզվում է, դա ազգի հերոսների շնորհիվ է և ինքն էլ պետք է լինի նրանց նման հայրենասեր անձնավորություն:
Ռոբերտ Աբաջյանը կարող էր չզոհվել, բայց նա իր կյանքի գնով իր հետ տարավ 12 ադրբեջանցիների: Մենք պետք է անպայման Արցախում անցկացնեինք այդ հուշամրցաշարը: Հպարտ եմ և ուրախ, որ կարողացանք կազմակերպել և բարձր մակարդակով անցկացնել այն»,- ասաց նա:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականը նաև տեղեկացրեց, որ աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվի: Կան մի շարք ծրագրեր և մտահղացումներ, որոնք կյանքի կկոչվեն արդեն 2017 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում