Արայիկ Խանդոյանի մեղադրանքը ևս լրացվել է
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և որոշել է երկու ամսով երկարացնել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքի ժամկետը: Այդ մասին հայտարարեց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Նա տեղեկացրեց, որ բացի մինչ այժմ ՀՀ Քր. oր-ի 235 «ապօրինի զենք պահելը» և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը)Խանդոյանին առաջադրված մեղադրանքներից, ավելացվել են ևս մեկը՝ 238-րդ հոդվածի 4-րդ 1-ին և 2-րդ կետ ՝ «զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:
Փաստաբանը հստակեցրեց, որ զենքի հափշտակությունը վերաբերում է ոստիկանության ՊՊԾ գնդում եղած զենք-զինամթերքին:
«Ինչպես մյուս մեղադրանքները, այս մեղադրանքը ևս ապօրինի է: Ավելացված մեղադրանքի մասով քննիչը որևէ ապացույց չներկայացրեց», -ասաց Ղարագյոզյանը: Նրա ներկայացմամբ, Խանդոյան,ը ճիշտ է, եղել է ՊՊԾ գնդում, սակայն զենքը վերցրել է ինքնապաշտպանվելու համար և հետո հանձնել է:
«Ինչպես գիտեք, ոստիկանության կողմից էլ է եղել հրաձգություն, ինչը կարելի է դիտարկել մարդկանց կյանքին սպառնալիք: Չէ որ նրանց գործողություններից էլ են մարդիկ տուժել, ինչո՞ւ իրավապահներն այդ գործողություններին իրավական գնահատական չեն տալիս», -նկատեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդում վիրավորված և հետո մահացած ոստիկանի դեպքով մեղադրանքն առաջադրվել է Բիլյանին
- Պավել Մանուկյանի և «Սասնա ծռերից» ևս 11 մեղադրյալի մեղադրանքները խստացվել են, լրացվել
- «Սասնա ծռերի» անդամի մեղադրանքը լրացվել է սպանության հոդվածով