Չի կարելի անպատասխանատու հայտարարություններ անել բանակի մասին. Արտակ Զաքարյան
Ազգային ժողովում շարունակում է Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարծում է, որ նախագիծը կարժանանա խորհրդարանի դրական եզրակացությանը:
Ըստ նրա՝ ներկայացված նախագիծը պատասխան է բոլոր այն ընտանիքներին, որոնք Հայաստանի պաշտպանության և անվտանգության կազմակերպման գործում տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը և առողջությունը:
Անդրադառնալով այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնել են պատգամավորները նախագծի քննարկման ընթացքում, առաջին հերթին խոսեց կոռուպցիայից: «Մենք պետք է կոռուպցիան համարենք մեր պետության երկրորդ թշնամի, որը մեր երկրի միակ ներքին թշնամին է, որն ուղիղ հարվածում է մեր պետականության հիմքերին»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ չի կարելի անպատասխանատու հայտարարություններ անել բանակի մասին: «Երբ հարց են բարձրացնում Լեհաստանում, լեհական քաղաքներից մեկում որսորդական խանութում հայտնված մեկ նմուշի մասին, ապա պետք է նաև հետաքրքրվել և իմանալ, որ դրա համար մենք ունենք նաև Լեհաստանի դատախազության պաշտոնական պատասխանը, որ ոչ վաճառք է եղել, ոչ էլ գին է ունեցել այդ նմուշը։ Արդյոք իմաստ ունի՞ նմանատիպ պոպուլիստական հայտարարություններ անելով՝ տեղեկատվական դաշտում բերենք որոշակի հոսքեր, երբ մեր հասարակությունը շատ մեծ վստահություն և հենարան է համարում ազգային բանակը, ևս մեկ անպատասխանատու և չճշտված տեղեկատվությունների հիման վրա ձևավորենք միջավայր»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև «Մարտիկ» հիմնադրամին: ««Խոսում եք «Մարտիկ» հիմնադրամից՝ առանց խորանալու հիմնադրամի նպատակի, նրա կառուցվածքի և նրա առջև դրված խնդիրների մասին: Առանց իմանալու, որ այդ գումարն անձեռնմխելի գումար է և տեղադրված է համապատասխան հաշվեհամարներին, առանց խորանալու, որ դրա տոկոսագումարներից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, իսկ դա ճշտելը շատ հեշտ է։ Մինչև այստեղ հայտարարություններ անելը, հարցեր բարձրացնելը, ուղղակի պետք է ճշտել, հետո դրա հիման վրա անել հայտարարություններ»,- ասաց պատգամավորը:
Արտակ Զաքարյանի կարծիքով՝ հանրային ուշադրությունը և խորհրդարանական վերահսկողությունը հետագայում պետք է լինի ավելի հստակ և սևեռուն հիմնադրամի գործունեության նկատմամբ:
«Ես համոզված եմ, որ պաշտպանության նախարարությունը, այս քննարկման ընթացքում դուրս բերելով բոլոր ռացիոնալ քննադատությունն ու վերլուծությունը, պետք է ավելի ուշադրություն հատկացնի բանակի հետ կապված տեղեկատվական հոսքերին: Բանակի հետ կապված անպատասխանատու հոդվածներ, չճշտված տեղեկատվություն և հենց այնպես տարածված լուրեր չպետք է լինեն»,- նշեց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ տեղեկատվական պատերազմը մեզանում ստանում է շատ լուրջ խորքային նշանակություն, և պետք չէ թույլ տալ, որ դրա հետևանքով մեր բանակն ու անվտանգությունը տուժեն:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք բավարար հրապարակային չենք գործել». Արթուր Աղաբեկյանը՝ «Մարտիկ» հիմնադրամի մասին
- Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, որտեղի՞ց գեներալներին այդ աստղաբաշխական ունեցվածքը. Նաիրա Զոհրաբյան
- Մեր օրենսդրությամբ ցանկացած հիմնադրամից կարելի է հաշվետվություն պահանջել. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին