Ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը կողմ չեն «ստատուս քվոյին». Էդվարդ Նալբանդյան
Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվել Ադրբեջանի պատճառով,-Երևանում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ համատեղ մամուլիս ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս չեն կատարվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Միաժամանակ ադրբեջանական կողմը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, խեղաթյուրել իրականությունը: Ինչու, որպեսզի խուսափի կյանքի կոչելու այն պարտավորությունները, որոնք ստանձել են այդ գագաթաժողովներին: Սկզբից ադրբեջանցիներն ասում էին, որ այն ինչի մասին խոսում են եռանախագահող երկրների նախարարները Վիեննայի հանդիպումից հետո իրենց հայտարարության մեջ, սոսկ իրենց անձնական կարծիքն է:
Միգուցե Բաքվի կեղծարարները չէին երևակայում, որ ընդամենը մեկ ամիս անց կհայտնվեն բավական անհարմար վիճակում, երբ որ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից հետո հրապարակվեց Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարություն, որտեղ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Եթե Վիեննայում պայմանավորվածություններ ձեռք չէին բերվել, ապա Ադրբեջանի ղեկավարն ի՞նչ պայմանավորվածություններ էր վերահաստատում Պետերբուրգում»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ պայմանավորվածությունները վերաբերում են հետաքննության մեխանիզմների ստեղծմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայմանը:
Է. Նալբանդյանը նաև ասաց, որ դեռևս 2015 թ. դեկտեմբերին Բեռնի գագաթաժողովից հետո եռանախագահող երկրները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն աջակցում են եռանախագահների ջանքերին՝ ուղղված հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:
«Բեռնից անմիջապես հետո Բաքից հնչեց, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ինչպե՞ս է պատահում, որ բոլորը մի բան են հասկանում, Ադրբեջանը լրիվ ուրիշ բան»,- ասաց նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Է. Նալբանդյանի խոսքով՝ մի քանի օր առաջ Վիեննայում Ադրբեջանի դեսպանը պնդում էր, որ մի գաղտնիք է բացելու. «Իսկ ինչի՞ մասին էր իրենց գաղտնիքը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեխանիզմը ստեղծել այդպես կոչված Հայաստանի, իրենց ասելով, ուժերի դուրս բերումից հետո: Բայց եթե եռանախագահներն այդպիսի առաջարկ էին անում, իրենց փաստաթղթերի մեջ այդ ամեն ինչը կար, ինչո՞ւ էր Ադրբեջանը հրաժարվում: Դա ցույց է տալիս, որ կեղծարարություն է և բացահայտ սուտ»:
Նախարարը նշեց, որ միայն հունիսին երեք անգամ մերժել են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ առաջարկությունը:
«Փորձում են առաջարկություն անել՝ ինչքան հնարավոր է շփման գծից հեռու տեղակայել, որպեսզի ոչ մի բան չտեսնեն, իսկ երբ որ ցանկանան գալ՝ ասում են նախապես տեղեկացնեն և թույլատվություն հարցնեն Ադրբեջանից, որպեսզի պատրաստվեն, կազմակերպեն շոուներ, որպեսզի դիտորդները գան ոչ թե դիտարկման, այլ գան դիտելու ադրբեջանական շուոները:
Ասում են՝ «գող սիրտը դող», վախենում են այնպիսի բան ստեղծել, երբ ավելի ակնհայտորեն պարզվի, թե ով է այդ ամեն ինչը խախտում, չնայած բոլորն էլ գիտեն, ով է խախտում»,- նշեց ԱԳ նախարարը:
Էդ. Նալբանդյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ իրենք չեն եկել եզրակացության, որ բավական տարօրինակ տպավորություն են թողնում. «Գիտեք, հեռուստատեսության սերիալների, սցենարիստների կամ հեղինակների նման իրենց գաղափարներն են առաջ բերում՝ ինչքան խճճված լինի, այնքան երկար կարող է այդ ամեն ինչը տևել, չնայած, իբրև թե, խոսում են ստատուս քվոյից:
Առաջին հերթին ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը կողմ չեն ստատուս քվոյին, որովհետև մենք ցանկանում ենք հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգարվորումը միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների և նորմերի հիման վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան