«Լիդիան Ինթերնեյշնլը» Ամուլսարի օրինակով փորձում է ցույց տալ, որ հանքարդյունաբերությունն այլ կերպ կարող է իրականացվել. Հովարդ Սթիվենսոն
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ունի մեծ հնարավորություններ օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու համար: Այս մասին այսօր «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» խորագրով մեկօրյա համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:
Նրա խոսքերով՝ հիմնական մարտահրավերն ու խնդիրն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտն ունի անցյալի բացասական փորձն ու խնդիրները, քանի որ հանքարդյունաբերությունը հիմնականում սովետական ժամանակից է գալիս Հայաստան:
«Ցավոք, այդ խնդիրն առաջացրել է մի իրավիճակ, որ հասարակության շրջանում մի այնպիսի համոզմունք է ստեղծվել, որ հանքարդյունաբերությունը անպայման պետք է շատ վատ ազդեցություն ունենա բնության վրա: Մենք՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», Ամուլսարի օրինակով փորձում ենք ցույց տալ, որ դա այդպես չէ, որ կարող է լինել այլ հանքարդյունաբերություն, ուզում ենք ցույց տալ, որ հանքարդյունաբերությունն այլ կերպ կարող է իրականացվել, և պարտադիր չէ, որ այն ունենա բացասական ազդեցություն բնապահպանության վրա»,- նշեց Հովարդ Սթիվենսոնը:
Ինչ վերաբերում է չափանիշներին, ընկերության տնօրենն ասաց, որ իրենք հետևում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին, ինչպես նաև միջազգային այլ չափանիշներ կան, որոնց պետք է հետևել, որպեսզի հանքարդյունաբերությունն իրականացվի բնապահպանական տեսանկյունից բարձր մակարդակով:
«Մեզ հնարավորություն տվեք, մենք դեռ նոր ենք սկսում հանքի շինարարությունը, հրապարակել ենք բնապահպանական-սոցիալական ազդեցության գնահատականը, որը հսկայական աշխատանք է և ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է այլ կերպ աշխատել: Հայաստանում առաջին անգամ է նման հետազոտություն իրականացվում և դա այն քայլերից մեկն է, որ ցույց է տալիս, թե ինչպես ենք պատրաստվում իրականացնել հանքարդունաբերությունը»,- ասաց Հովարդ Սթիվենսոնը:
Հիշեցնենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն իրականացնում է Ամուլսարի ծրագիրը:
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ այսօր կազմակերպել էր մեկօրյա բիզնես-համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ:
Համաժողովի նպատակը կապերի ձևավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում: Համաժողովին մասնակցեցին 7 ամերիկյան առաջատար ընկերությունների և 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին:
Հարակից հրապարակումներ`
- Հանքարդունաբերությունը Հայաստանում պետք է լինի ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով հագեցած. Սուրեն Կարայան
- Հանքարդյունաբերության ոլորտն իրական հնարավորություններ ունի Հայաստանի համար. Ռիչարդ Միլս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան