Հայաստանը պետք է ամենյան ուշադրությամբ գնահատի մեր երկրի գիտական պոտենցիալը. ԿԳ նախարար
Այսօր Երևանում մեկնարկեց Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին:
«Այս Հանդիպումը տեղի է ունենում մեր պետության համար շատ կարևոր ժամանակահատվածում, քանի որ այն համընկնում է ՀՀ ասոցացմանը՝ Եվրոպական Միության «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին»,-բացման խոսքով նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ ողջունելով Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման մասնակիցներին:
Հանդիպմանը ներկա էին Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը, Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան:
«Ասոցացման ճանապարհը մենք սկսել ենք 3 տարի առաջ և այսօր կարող ենք հայտարարել, որ համաձայն ՀՀ օրենսդրության` համաձայնագիրն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 12-ին: «Հորիզոն-2020» ծրագիրը Հայաստանի գիտական հանրության առջև բացում է նոր հնարավորություններ. նոյեմբերի 12-ից մեր գիտնականներն ու գիտական կազմակերպություններն ունեն ընդհանուր մուտք «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում հայտարարվող բոլոր մրցույթներին»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ամենյան ուշադրությամբ գնահատի մեր երկրի գիտական հնարավորություններն ու պոտենցիալը՝ առաջին հերթին Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում:
Կրթության գերատեսչության ղեկավարը կարևորեց Եվրոպական համայնքի կողմից Հայաստանի գիտական և գիտատեխնիկական փորձաքննության համակարգի գնահատումը, որն իրականացվել է 2015 թվականին. «Մենք նաև հույս ունենք, որ ծրագրի շրջանակում կարվի նոր գնահատում, որը հնարավորություն կտա մեզ ճշտումներ մտցնել մեր կողմից վարվող քաղաքականության մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան