ՀՔԾ-ի լռությունը
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործով «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի մեղադրանքների լրացման վերաբերյալ այս գործով վարույթ իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չի տրամադրում:
ՀՔԾ լրատվական ծառայության ներկայացուցիչ Միքայել Ահարոնյանը հրաժարվեց հստակ պատասխանել Panorama.am-ի հարցին, թե արդյոք ճի՞շտ է մեղադրանքները լրացնելու մասին մասին տեղեկությունը և եթե այո, ապա մեղադրյալներից մասնավորապես ո՞ւմ է վերաբերում այն:
«Դրանք քննության տվյալներ են և հրապարակման ենթակա չէ», -ասաց նա:
Դիտարկմանը, թե մենք նրանից ընդամենը խնդրում են հաստատել տեղեկությունը նշել, թե ովքեր են այն մեղադրյալները, ում մեղադրանքը լրացվել է և ոչ թե հրապարակել ասենք՝ ցուցմունքներ, նա, սակայն կրկնեց պատասխանը:
Այդուհանդերձ, մեր հարցապնդումներին Ահարոնյանը պատասխան գտավ. «գրավոր դիմեք, ձեզ կպատասխանեն»:
Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ՀՔԾ-ն հաստատո՞ւմ է քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը ՊՊԾ գնդի գրավման քրեական գործին միացնելու մասին տեղեկությունը, որի մասին երեկ ենթադրություն էր հայտնել Ղուկասյանի պաշտպանական խումբը: Ի պատասխան Միքայել Ահարոնյանը կրկնեց նույնը. «Քննության տվյալները հրապարակման ենթակա չեն»:
Պավել և Արամ Մանուկյանների, Արմեն Լամբարյանի, Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ «Սասնա ծռերի» ընդհանուր առմամբ 12 անդամների նկատմամբ առաջադրված մեղադրանքները լրացվել են, խստացվել: Եվ ավելին, վարույթ իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացնում դատարան՝ այդ մեղադրանքով նրանց կալանքի ժամկետը երկարացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Խանդոյանի մեղադրանքը ևս լրացվել է
- Անդրիաս Ղուկասյանի պաշտպանական խումբը պնդում է, թե նրան փորձում են մեկուսացնել քաղաքական իրադարձություններից
- Պավել Մանուկյանի և «Սասնա ծռերից» ևս 11 մեղադրյալի մեղադրանքները խստացվել են, լրացվել
- Անդրիաս Ղուկասյանի գործը տապալված է. Փաստաբան