Սերժ Սարգսյան. Յուրաքանչյուր ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնություն
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի փոխադարձ ցանկության առկայության պարագայում ու առանց նախապայմանների: «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ`անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ցավոք սրտի, այս հարցն ինձ չէ, որ պետք է ուղղել, քանի որ դեռևս 2008 թվականին մենք առաջարկեցինք թուրքերին հրապարակել այն բանակցային գործընթացը, որը դանդաղ կերպով ընթանում էր, և արդեն 2009 թվականին եկանք երկու արձանագրությունների ստորագրմանը: Եվ Ցյուրիխում՝ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների երկրների երեք արտգործնախարարների ներկայությամբ ստորագրեցինք այդ երկու արձանագրությունները:
Բայց, ցավոք, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել դրանք առանց նախապայմանների։ Եվ նրանք սկսեցին նախապայմաններ առաջ քաշել։ Ասում են՝ թող Հայաստանը Լեռնային Ղարաբաղին համոզի Ադրբեջանին հանձնել, ինչպես իրենք են ասում, գոնե մեկ «օկուպացված» շրջան: Այսինքն՝ անվտանգության գոտու մի մասը։ Եվ այդ ժամանակ թուրքերը պատրաստ կլինեն հարաբերություններ հաստատել, բացել սահմանները։
Քանի որ մենք պայմանավորվել էինք, և փաստաթղթերում դա շատ հստակ ձևակերպված էր, որ մենք հարաբերություններ ենք հաստատում առանց նախապայմանների, ապա մեր պատասխանը հետևյալն էր. «Կներեք, այդ մասին պետք էր ասել նախքան ստորագրելը, այսինքն՝ բանակցային գործընթացի ժամանակ։ Եվ դրանից հետո մենք Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունենք։ Ուղղակի եթե մենք ինչ–որ տեղ հանդիպում ենք միջազգային համաժողովներում, բարևում ենք և վերջ»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքով` մինչև 2009 թվականը անգամ որոշ բարեկամ երկրներ ասում էին, որ մենք ցեղասպանության բարդույթ ունենք, որ մենք ուղղակի չենք ուզում թուրքերի հետ որևէ հարաբերություն ունենալ, մինչև նրանք չճանաչեն Ցեղասպանությունը։
«Բայց մենք գնացինք այդ քայլին։ Դուք հասկանում եք այն ժամանակվա իմ վիճակը, երբ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով, հանդիպեցի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ ցույցի էին դուրս եկել այդ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ և պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում էի, խնդրում էի: Արդյունքում ստորագրեցինք, նրանք իրենց պարտականությունները չեն կատարում։ Ի՞նչ անել հետո։
Շարժվել նրանց ուզածով և ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմա՞նը»։ Եվ հետո ի՞նչ: Երեք ամսից, մեկ տարուց, մեկուկես տարուց ինչ–որ հակամարտություն կլինի, և սահմանը նորից կփակվի։ Դա մեզնից կախված չէ: Ես մշտապես, միգուցե դա արդեն ոչ այդքան տարածված օրինակ է, ասում եմ, որ յուրաքանչյուր հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնություն: Այստեղ չի կարելի ասել, որ հարցը լուծված է 50 տոկոսով, սա այն դեպքը չէ: Այս տեսանկյունից մեզինց ոչինչ կախված չէ»,- նշել է ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային գաղափարն ամուր, ուժեղ պետության կառուցումն է. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. «Փոխզիջումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին է»
- Սերժ Սարգսյան. «Իսկանդերների» ձեռքբերումը հարկադրված քայլ է
- Սերժ Սարգսյան. Կարելի է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան