«Դիվանագետները պետք է զերծ մնան քաղաքական գործունեությունից»՝ Գևորգ Կոստանյանը Փաստինֆոյին
Ինչպես արդեն գրել էր Panorama.am-ը՝ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Կարապետյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո» գործակալությունը հրապարակել է իր հարցազրույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ:
«Հայցի մերժումը կարելի է արձանագրել որպես փաստ: Եվրոպական դատարան ներկայացրած գանգատում դիմումատուները պնդել էին, թե խախտվել է խոսքի ազատության իրավունքը և իրենց աշխատանքից ազատել էին իրենց կարծիքն ազատ արտահայտելու համար:
Միաժամանակ, նշել էին, որ խախտվել է նաև արդար դատաքննության իրավունքը, որովհետև, ըստ դիմումատուների, արդար դատաքննություն չէր վարվել աշխատանքից ազատման հայցը վիճարկելու հարցում: ՀՀ կառավարության ներկայացրած առարկությունների հիման վրա Եվրոպական դատարանը համարեց, որ խախտում չկա: Մեր հիմնական փաստարկն այն էր, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված է, որ դիվանագետները պետք է զերծ մնան քաղաքական գործունեությունից, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումից: Այսինքն՝ նրանք ի սկզբանե, հանդիսանալով դիվանագետ, երբ դիմում էին նման քայլի, դրանով իսկ խախտում էին օրենքը»,-ասաց Գևորգ Կոստանյանը:
Հարցին՝ հայցվոր կողմը դատական այլ ատյաններ դիմելու հնարավորությունի ունի՞, թե՞ ոչ Կոստանյանն արձագանքեց. «Այո, նրանք 3 ամսվա ընթացքում կարող են բողոքարկել վճիռը Եվրոպական դատարանի վերին պալատ, բայց բողոքարկման համար այնպիսի չափանիշներ են դրված, որ ես չեմ կարծում, թե Վերին պալատը նրանց բողոքը վարույթ կընդունի: Իմ խորին համոզմամբ, սա վերջին ատյանն է, որով արձանագրվեց մեր դիրքորոշումը»։ Ըստ նրա՝ այս վճռով հստակ սահմանվեց, որ Կառավարության դիրքորոշումը միանշանակ ճիշտ է և դրանով որևէ իրավունք չի խախտվել: