Սերժ Սարգսյան. «Իսկանդերների» ձեռքբերումը հարկադրված քայլ է
Հայաստանի կողմից ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրների ձեռքբերումը հարկադրված քայլ է և միտված է տարածաշրջանանում ռազմական բալանսի, կայունության պահպանմանը: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարծում եմ` դա հարկադրված քայլ էր, որպեսզի ինչ-որ կերպ հավասարակշռվի մեր տարածաշրջանում ստեղծված ռազմական իրավիճակը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար ձեռք էր բերում ժամանակակից զենքեր: Մենք նման հնարավորություններ չունենք` ինչպես Ադրբեջանը, ես նկատի ունեմ` ֆինանսական միջոցներ, սակայն մենք մշտապես փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` գտնելով անհրաժեշտ հակաթույնը: Կարծում եմ` այս դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի հակաթույն է», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Շարունակելով խոսքը, ՀՀ Նախագահը նշել է. «Իհարկե, սպառազինությունների մրցավազքը վատ բան է, և մենք չենք ցանկանում գնալ դրան, սակայն ի՞նչ կարող ես անել, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով, ֆիզիկական բնաջնջմամբ: Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ունեն համաձայնագիր` տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու վերաբերյալ:
«Կարծում եմ` Ռուսաստանը, ելնելով դրանից, ընդառաջեց մեր խնդրանքին և մեզ տրամադրեց ռազմական տեսանկյունից այդ հրաշալի համակարգը: Իհարկե, գուցե, մարդկության համար ավելի լավ լիներ, եթե նման համակարգեր չլինեին, սակայն երբ դու հարկադրված ես, պատրաստ ես գնալ նաև դրան», - կարծիք է հայտնել Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ «Ռուսաստանն առանցքային դեր է խաղում մեր տարածաշրջանում, այդ թվում` կայունության և խաղաղության պահպանման հարցում»:
Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ՌԴ նոր ռազմաբազա ստեղծելու կարիք չկա, և բավական կլինի գործող ռազմաբազային «ռազմական զորություն հաղորդելը»:
«Կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև գործող ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները` իր մեջ ներառելու այն տարրերը, որոնք կարող են պահանջված լինել: Այդ իսկ պատճառով փոքր Հայաստանում մեկ ռազմաբազան, կարծում եմ` բավական է, պարզապես պետք է այդ ռազմաբազային ռազմակն զորություն հաղորդել», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Կարելի է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծել
- Նաիրա Կարապետյան․ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում բարձրացնում է Հայաստանի «Իսկանդերների» հարցը
- «Իսկանդերի» հետ կապված քննադատությունները մի քանի բացատրություն ունեն. քաղաքագետ
- Քաղաքագետ. «Իսկանդեր»-ը նաև քաղաքական գործիք է Հայաստանի համար
- Հայաստանի ԶՈՒ նոր սպառազինությունը. «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Ինֆաունա»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին