«Ես իմ աշխատավարձից ամեն ամիս վճարելու եմ ոչ թե 1000, այլ 10 000 դրամ». «Առավոտ»-ի խմբագիր
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն, անդրադառնալով «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար ՀՀ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու մասին» նախագծին, գրել է. «Ես իմ աշխատավարձից ամեն ամիս վճարելու եմ ոչ թե 1000, այլ 10 000 դրամ՝ զոհված և վիրավոր զինվորների համար՝ հենց որ բացվի համապատասխան հիմնադրամ։ Ի դեպ, իմ արած առաջարկներին ավելացնեմ մի տեխնիկական գաղափար ևս. Հանգանակությանը մասնակցելու համար պետք է բավարար լինի, որ ես դիմում գրեմ իմ տնօրենի կամ հաշվապահի անունով, որ նրանք փոխանցեն այդ 10 հազարը համապատասխան հիմնադրամին, որպեսզի ես ամեն ամիս դրա վրա ժամանակ չկորցնեմ։ Դարձյալ կրկնեմ՝ այն պետք է գործի կամավոր։
Ես պատրաստ եմ վճարել չունևորների, հասարակական ակտիվիստների, ընտրությունների պատրաստվող քաղաքական գործիչների, ամեն ինչի մեջ դժգոհության առիթ փնտրելու փոխարեն։ Վստահ եմ, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան և կլինեն։ Դա չի նշանակում, որ մենք ավելի շատ ենք վստահում իշխանություններին, քան քաղաքացիների վերը թվարկված կատեգորիաները։ Բայց եթե առաջնորդվենք «բա որ գողանան» տրամաբանությամբ, ապա, ինչպես արդեն ասվեց, կարելի է հարկերն էլ չմուծել։ Դա իհարկե նշանակում է, որ որոշակի պայմանավորվածությունների է պետք գալ իշխանությունների հետ, այսինքն՝ մեծացնել գողանալու հավանականությունը։ Իսկ հարկերը մուծելով, հակառակը՝ լեզուս երկար կլինի։
Վերջերս լրագրող ընկերներիցս մեկին «բռնացրել էին» մի խումբ թոշակառուներ և ավանդական հարցերի շարքում հարցրել էին՝ «էս երկիրը երբ է երկիր դառնալու»։ Հարցրեցին, փրփրեցին, գոռգոռացին, իսկ հետո անցան փողոցի հակառակ մայթը։ Ոչ թե 10 մետրի վրա գտնվող վերնանցումով, այլ բանուկ փողոցով՝ «մանևրելով» ջղային ազդանշաններ տվող մեքենաների միջև»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: