ՄԻԵԴ-ը հրապարակել է ԱԳՆ նախկին աշխատակիցների վերաբերյալ վճիռը
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Կարապետյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Դատարանը 6 կողմ, 1 դեմ ձայներով գտել է, որ գործով չի եղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության խախտում։
«Կարապետյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում էր ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան քաղծառայողների, ներառյալ՝ դիվանագիտական ծառայություն իրականացնողների, աշխատանքից ազատմանը, ովքեր 2008թ․-ի նախագահական ընտրություններից հետո տարածել էին կառավարությանը քննադատող հայտարարություն։
Դիմումատուները՝ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Առաքել Սեմիրջյանը և Կարինե Աֆրիկյանը, բողոքել էին, որ աշխատանքից իրենց ազատումը խախտել է ազատ արտահայտվելու իրենց իրավունքը։
Դատարանը մասնավորապես գտել է, որ չնայած քաղաքացիական ծառայողները ազատ արտահայտման իրավունք ունեն, պետական իշխանությունները կարող են սահմանափակել նրանց՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ազատությունը, որպեսզի հասնեն քաղաքականապես չեզոք ծառայողներ ունենալու նպատակին։
Ինչպես ասվում է վճռում, Հայաստանի օրենսդրությունը սահմանել է նման սահմանափակում այնպես, որը բավարար չափով հստակ է և համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված հստակության և կանխատեսելիության պահանջներին։
Բացի այդ, դրա կիրառումը դիմումատուներին աշխատանքից ազատելու համար ունեցել է պատշաճ և բավարար հիմքեր։
Եվ վերջում, ինչպես նշվում է վճռում, չնայած աշխատանքից ազատումը խիստ է, սակայն անհամաչափ չէ։
Ինչպես ասվում է ՄԻԵԴ վճռի փաստական մասում, նախագահական ընտրություններից հետո ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են, որից հետո կազմակերպվեցին բողոքի ցույցեր։
2008թ․-ի փետրվարի 23-ին արտերկրում ՀՀ մի քանի դեսպաններ տարածեցին համատեղ հայտարարություն՝ աջակցություն հայտնելով ազատ ու արդար ընտրություններին և նաև աջակցություն ցուցարարներին։ Ըստ ՀՀ կառավարության՝ դեսպաններն աշխատանքից ազատվեցին հաջորդ օրը։
2008թ․-ի փետրվարի 24-ին ՄԻԵԴ դիմումատուները ևս համատեղ հայտարարություն տարածեցին՝ արտահայտելով «զայրույթ ընդդեմ ընտրական գործընթացի կեղծման» և պահանջեցին միջազգային կազմակերպությունների առաջարկությունների կիրարկում։ 2008թ․-ի փետրվարի 25-ին և մարտի 3-ին Հայաստանի ԱԳ նախարարի հրամանագրերով դիմումատուներն ազատվել են աշխատանքից։