Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներից 3-ը պայքարի մեջ կմտնեն այսօր` 1/32-րդ փուլից: 60 կգ քաշային կարգում Նարեկ Հովհաննիսյանը կմրցի Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկի հետ, 64 կգ քաշային Տոնի Գալստյանն ուժերը կչափի հնդիկ Անշիշի հետ, իսկ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգը:
Նոյեմբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 ներկայացուցիչները. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկու, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա (Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը: