Նալբանդյանը՝ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասով
Գործընկերների հետ այսօր արդյունավետ քննարկումներ ունեցանք, անդրադարձել ենք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին,- Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում կայացած ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով՝ անցնող տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է մի շարք ծրագրերի, ինչպիսիք են փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման «Կոսմե» ծրագիրը, հետազոտության և նորարարարություններ «Հորիզոն 2020» ծրագիրը, մեկնարկել է «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու գործընթացը, ինչը հնարավարություն է տալու ընդլայանել մշակութային փոխանակումների շրջանակը:
«Ակնկալում ենք նաև առաջիկայում սկսել բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու շուրջ»,- հավելեց Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը հուսով է, որ շուտով կմեկնարկի նաև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:
Պատասխանելով հարցին, թե ե՞րբ կկնքվի ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը, նախարար Նալբանդյանն ասաց, որ մեկնարկից՝ 2015 թվականի դեկտեմբերից հետո արդեն կայացել է բանակցությունների վեց փուլ, որոնք բավականին հաջող են եղել, արձանագրվել է առաջընթաց:
Հաջորդ փուլը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:
ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցություններն ավարտելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը: Միաժամանակ հույս հայտնեց, որ ԵՄ ներքին քննարկումները արագ կլինեն և ԵՄ-ն էլ պատրաստ կլինի շրջանակային համաձայնագիրը ստորագրելուն:
«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը, Եվրամիությունը ցանկանում են, որ համաձայնագիրը հնարավորինս արտացոլի մեր հարաբերությունների ամբողջ էությանը, խորությունը: Կարծում եմ՝ և Հայաստանի, և Եվրամիության ցանկությունն է նոր շրջանակային համաձայնագրում ընդգրկել առավելագույնը, ինչի մասին կարող ենք պայմանավորվածության գալ»,- նշեց Էդ. Նալբանդյանը:
Նա հիշեցրեց, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ փոխանակել են նամակներ, որտեղ հստակ նշվում է, թե ՀՀ-ի, թե ԵՄ-ի կողմից, որ պատրաստ են գնալ բոլոր ուղղություններով, ինչքան հնարավոր է խորը և հեռու փոխգործակցության շրջանակներն ընդլայնելով՝ նկատի ունենալով ՀՀ պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:
Ասուլիսին ներկա Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հույս հայտնեց, որ բանակցությունները հաջորդ տարվա ընթացքում կավարտվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան