Սերժ Սարգսյան. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ որոշում էր
Երևանը չի ափսոսում, որ անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կոնկրետ Հայաստանի պարագայում, ԵՏՄ-ին անդամակցությունը, ցավոք, համընկավ այդ միության լոկոմոտիվ հանդիսացող ՌԴ–ի տնտեսական վիճակի վատթարացման հետ, ինչը կիրառված պատժամիջոցների հետևանքն էր։ Բնականաբար, մեր տնտեսությունը շատ փոքր է, մենք հազար թելերով կապված ենք ռուսական տնտեսության հետ։ Այդ իսկ պատճառով արտաքին բացասական ազդեցությունները, անշուշտ, փոքր ինչ վատացրեցին մեր ցուցանիշերը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը` համոզմունք հայտնելով, որ Երևանը «ճիշտ է վարվել և ոչինչ չի կորցրել»:
Սարգսյանի կարծիքով` մեկ-երկու տարուց ԵԱՏՄ-ի անդամ երկրների քաղաքացիներն անպայման կզգան փոփոխությունը:
«Մենք ունենք 3 մլն-անոց փոքր շուկա: ԵԱՏՄ-ի կազմում մենք դարձանք 170 մլն-անոց շուկայի մի մասը: Եվ եթե մենք, վերջիվերջո, հասնենք Միության հիմքում դրված նպատակների իրականացմանը (ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժ), ապա, անշուշտ, շատ բան կշահենք»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը հավելել է, որ 2016թ-ին Հայաստանի արտահանումը ավելացել է 50%-ով և հիմնական ուղղությունը եղել է ԵՏՄ երկրները:
Խոսելով նոր կառավարության մասին` նախագահը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կլուծի իր առջև դրված` տնտեսության արդյունավետ կառավարումը բարձրացնելու և ՀՆԱ աճի տեմպերն արագացնելու խնդիրը:
«Ես այդ խնդիրը ձևակերպել եմ կառավարության նիստում։ Առաջին խնդիրն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը այնուհետև վերլուծել մեր տնտեսության վիճակը, որպեսզի հայտնաբերվեն խոչընդոտներն ու խնդիրները և լուծելով դրանք՝ արագացնել Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը: Մեր ցուցանիշները ոչ մի կերպ չեն գոհացնում ո՛չ մեզ, ո՛չ ՀՀ քաղաքացիներին։ Այդ պատճառով ես մեծ հույսեր ունեմ և կարծում եմ, որ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ, և որ նոր կառավարությունը պատվով կկատարի այդ խնդիրը։ Ես դրանում գրեթե վստահ եմ։ Ահա այստեղ ես կարող եմ կանխատեսումներ անել, քանի որ գործ ունեմ մարդկանց հետ, որոնց վարքը կարելի է կանխատեսել։ Այստեղ ես կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա»,- շեշտել է ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. «Իսկանդերների» ձեռքբերումը հարկադրված քայլ է
- Սերժ Սարգսյան. Կարելի է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին