Սերժ Սարգսյան. «Փոխզիջումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին է»
Ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով և կարգավորման երեք սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-գործակալության հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անշուտ կա որոշում և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա, սա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Գործակալության փոխանցմամբ, ՀՀ նախագահը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակվել են կարգավորման երեք սկզբունքներ. ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն ու ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունք:
Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստ է վերադառնալ բանակցությունների «բայց միայն այս երեք սկզբունքների հիման վրա»:
«Մենք երբեք չենք մերժել որևէ հանդիպում: Լինի դա նախագահների մակարդակով, արտաքին գործերի նախարարների մակարդակով, նույնիսկ աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ ասել ենք, որ այդ հանդիպումները պետք է օգուտ բերեն, ինչ որ տեղաշարժ լինի: Եթե մենք հանդիպում ենք ու չկան տեղաշարժեր, իսկ հետո էլ պայմանավորվածությունները չեն կատարվում, ապա այդ հանդիպումներից ի՞նչ օգուտի մասին է խոսքը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ ցանկացած պահի հայկական կողմը պատրաստ է ստորագրել հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների մասին համաձայնագիր:
«Մենք ցանկանում ենք, որ թե համանախագահները և թե միջազզգային հանրությունն իմանա հստակ, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը նաև հավելել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է հաշվի առնվի նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:
«Մենք ճանաչում ենք ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև Ադրբեջանի: Բայց ազգերի ինքնորոշման իրավունքը որևէ կերպ չի հակադրվում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»,- նշել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Երևանն ու Բաքուն մի քանի անգամ մոտ են եղել համաձայնագրի ստորագրմանը՝ նախագահ Սարգսյանը նշել է.
«Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում:
Բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այդ ազատ կամարտահայտումը պարտադիր իրավաբանական ուժ ունի, այնուհետև գրված էր, թե ով է մասնակցում, որն է օրակարգը։ Այսինքն` հանրաքվե։ Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ճիշտ որոշում էր
- Սերժ Սարգսյան. «Իսկանդերների» ձեռքբերումը հարկադրված քայլ է
- Սերժ Սարգսյան. Կարելի է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան