Միշտ զինվորի կողքին
Նոյեմբերի 17-ը ՀՀ Զինված ուժերում նշվում է որպես ռազմական բժշկի օր:
Այսօր Հայաստանում ռազմական բժշկությունը վստահ քայլերով առաջ է ընթանում՝ գրանցելով նոր հաջողություններ ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումերի պլանավորման և իրականացման գործում: Անհնար է մոռանալ ռազմական բժիշկների աշխատանքը թե արցախյան պատերազմի, թե ապրիլյան պատերազմի ժամանակ: Անգնահատելի է ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար սեփական կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը: Նրանք քառօրյա պատերազմի օրերին հրաշքներ գործեցին, ընդհուպ մինչև առաջնագծից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա ծանր վիրավորի զարկերակի պլաստիկ վիրահատություն, քներակի, սրտի և այլ վիրահատություններ:
Ռազմական բժիշկը եզակի այն մասնագետներից է, որ երկու անգամ է երդվում՝ որպես բժիշկ և որպես զինվոր։
Արդեն քանի տարի է, ինչ մեր զինված ուժերի բուժանձնակազմը համալրվում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներով: 1994-ին հիմնադրված ռազմաբժշկական ֆակուլտետը պատվով է կատարում իր առաքելությունը հայրենիքի պաշտպանության գործում` ՀՀ զինված ուժերը համալրելով ռազմական որակյալ բժիշկներով:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Սամվել Գալստյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շատ երիտասարդներ այսօր ցանկանում են զինվորական բժիշկ դառնալ, դրա մասին են վկայում ռազմաբժշկական ֆակուլտետ դիմորդների թվի աճը: «Այս տարի մեկ տեղի համար դիմել են երկու հոգի»,- նշեց դեկանը:
Ըստ նրա, ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը՝ կուրսանտը, գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ստանձնում է, քանի որ լինելով ապագա ռազմական բժիշկ, նա պատերազմի դաշտում պիտի լինի զինվորի կողքին, պայքարի նրա կյանքի ու առողջության համար: «Այն, որ նրանք պատրաստ են նվիրված ծառայելու, դա երևաց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ: Մեր բժիշկները մարտի դաշտում բազմաթիվ երիտասարդների կյանքեր փրկեցին: Դա ցույց է տալիս, որ նրանք նաև հոգեբանորեն պատրաստ են զինվորական բժշկի կոչմանը», - ասաց Սամվել Գալստյանը՝ հիշեցնելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ համալսարանի բազմաթիվ ուսանողներ դիմել են իրենց, որպեսզի մեկնեն Արցախ:
Սամվել Գալստյանի խոսքերով՝ ռազմական բժշկությունը եղել է քաղաքացիական բժշկության հիմքը: «Զինվորական բժիշկը երկու երդում է տալիս՝ բժշկի և զինվորի, պարտավորվածություն ունի և բուժելու, և որպես զինվորական ծառայելու հայրենիքին: Մեր կուրսանտները հպարտորեն կրում են զինվորականի համազգեստը, և ես վստահ եմ, որ մենք միշտ հպարտանալու ենք նրանց բարեխիղճ ծառայությամբ, մասնագիտական ձեռքբերումներով»,- նշեց Սամվել Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ես այնտեղ եմ, որտեղ իմ կարիքը կա»
- Քառօրյա պատերազմ. Ռազմական բժիշկները առաջնագծից 10 կիլոմետր հեռավորության վրա կատարել են բացառիկ վիրահատություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան