Արմեն Ռուստամյանի պարզաբանումը. «Ձևակերպում կար Ղարաբաղի հետ կապված, որը հայկական կողմի համար անընդունելի էր»
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությանը՝ կապված վերջերս կայացած մոնիտորինգի հատուկ հանձնաժողովի գործունեության ընթացքի հետ: Ադրբեջանական մամուլը ներկայացրել էր, թե իբրև այդ հանձնաժողովի ժամանակ կանխվել է հայ պատգամավորի սադրանքը:
Արմեն Ռուստամյանը դրա վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց՝ նշելով, որ ինքն այդ մասին չպետք է խոսեր, քանի որ մոնիթորինգի հանձնաժողովն իր նիստերն անցկացնում է փակ, դրան անդրադառնալը ճիշտ չէ, բայց քանի Ադրբեջանի մամուլը դրա մասին գրել է, բայց ներկայացնելով յուրովի, դրա համար հանդես է գալիս պարզաբանմամբ:
«Այդ պատգամավորը ես եմ: Որևէ սադրանք եթե կանխվել է, ապա կանխվել է կոնֆլիկտների հարցով զբաղվող հատուկ հանձնաժողովում, որն իր գործունեության ընթացքում որևէ կոնկրետ արդյունք չի տվել: Առաջարկ է եղել այդ հանձնաժողովի ղեկավարի կողմից, որ այն վերածվի սովորական հանձնաժողովի, քանի որ այդ կարգավիճակով չի աշխատում: Մենք դեմ ենք եղել այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև ձևակերպում կա Ղարաբաղի հետ կապված, որը մեզ համար բացարձակ անընդունելի է: Դա Լեռնային Ղարաբաղ և գրավյալ տարածքներ ձևակերպումն է: Դրա համար մենք ասում ենք՝ այդ հանձնաժողովում անաչառ քննարկում ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով՝ ամենամեծ սադրանքն այն է եղել, որ հանձնաժողովի նիստին հայտարարվել է, թե իբր հայկական և ադրբեջանական կողմը համաձայն են այդ ձևակերպմամբ քննարկել Ղարաբաղի հարցը:
«Սա պրովակացիա է, դա իրականությանը չի համապատասխանում: Հանձնաժողովի նիստում էլ ասվել է, որ նման բան չկա և, եթե այդ ձևակերպմամբ են փորձում քննարկում ծավալել, ապա իմաստ չեն տեսնում քննարկել կոնֆլիկտը` նախապես կանխորոշելով այդ քննարկումների եզրակացությունը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա՝ այդ հանձնաժողովն հատուկից արդեն վերածվել է սովորական հանձնաժողովի, բայց հայկական կողմին հաջողվել է ամրագրել մի կարևոր պահանջ, որ ցանկացած կոնֆլիկտ կարող է քննարկվել, եթե երկու կողմերի համաձայնությունը կա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին