Կանցկացվի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի X հանրապետական փառատոնը
Նոյեմբերի 22-25-ը Երևանում կանցկացվի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի X հանրապետական փառատոնը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Այս փառատոնը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել արդի երիտասարդ թատրոնի ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների մասին, նաև` ընտրելու լավագույն 3 ռեժիսորի, որոնք 2017թ. հուլիսին կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից ամառային դպրոցի վարպետաց դասերին մասնակցելու:
Ներկայացումների քննարկումներն անցնելու են անվանի մասնագետների, երիտասարդ թատերագետների և հանդիսատեսի մասնակցությամբ: Փառատոնի աշխատանքներին կմասնակցեն Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժող.արտիստ, Մոսկվայի Մեյերհոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ: Նրանց նպատակն է ընտրել մեկ ներկայացում Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական թատերական ֆորումի մասնակցության համար: Այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2017թ.-ի ամռանը Ալմաթի քաղաքում (Ղազախստան):
Երիտասարդ թատերական ռեժիսուրայի X հանրապետական փառատոնին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան բեմադրիչների աշխատանքներ, որոնք կատարվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում: