Պարոնյանցիները նշում են թատրոնի հիմնադրման 75-ամյակը
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար տարին հոբելյանական է. թատրոնը նշում է իր հիմնադրման 75-ամյակը: Ողջ տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների շրջանակում ցուցադրվեցին մի շարք ներկայացումներ` նվիրված թատրոնի երախտավորներ Վարդան Աճեմյանի, Արտեմի Այվազյանի, Արամ Տեր-Հովհաննիսյանի, Թադևոս Սարյանի, Շարա Տալյանի հիշատակին: Թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում` Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա» և Ժ. Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշներ» ներկայացումներով:
Հոբելյանական միջոցառումներն եզրափակվեցին այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած հանդիսավոր հոբելյանական միջոցառմամբ:
«Մեր թատրոնը ստեղծվել է շատ տարօրինակ, աննախադեպ պայմաններում՝ Հայրենական պատերազմ, սով, քաղց, զարմանալի ժամանակներ և այդ ժամանակվա ղեկավարությունը որոշեց ստեղծել ծիծաղի թատրոն: Մեծն Ավետիք Իսահակյանն այսպես է արձագանել. «Այո, մենք նաև ծիծաղի զենքով պետք է հաղթենք թշնամուն»:
Ի՞նչ է փոխվել այսօր: Անցել է 75 տարի: Պատերազմը մեր դռանը չոքած է: Մենք կրկին թատրոնի շենք ենք կառուցում՝ Գավառում»,-հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Երևանդ Ղազանչյանը:
Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ 1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։
Լրագրողների հետ զրուցում Ե. Ղազանչյանն ասաց, որ իր բոլոր հուշերը կապված են թատրոնի հետ, բայց բարձրաձայնել չցանկացավ:
«Դրանք ավելի շատ տառապանք են, քանի որ թատրոն կոչվածը տառապանք է, խնդիր է՝ ոտքից գլուխ: Եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, պետք է շատ աշխատես, տառապես: Քչեր են դիմանում այդ տառապանքին»,- նշեց ժողովրդական արտիստը՝ միաժամանակ հավելելով, որ իր կյանքի վեց տասնամյակն անցկացրել է այս մթնոլորտում:
Երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ ծնվելու դեպքում էլ Երվանդ Ղազանչյանը պատրաստ է գնալ նույն ճանապարհով ու կրել նույն տառապանքները:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանն ասաց, որ իրենք աշխատում են պահպանել ավանդույթները, որոնք եկել են դեռ 1941-42 թվականներից: Նա նշեց, որ ինչպես բոլոր ոլորտներում, թատրոնում էլ կան խնդիրներ, սակայն կոլեկտիվն իր համախմբվածությամբ շարունակում է աշխատել, ստեղծագործել, ունեն հանդիսատես:
Պարոնյանցներին շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս տոնը ոչ միայն պարոնյանցիների տոնն է, ոչ միայն թատերասերների տոնն է, նաև մեր ողջ ժողովրդի տոնն է, որովհետև լինելով մայրաքաղաքի, Հանրապետության կարևորագույն մշակութային օջախներից մեկը, թատրոնը կրթել և դաստիարակել է սերունդներ:
Տասնամյակներ շարունակ այս թատրոնի շուրջ են համախմբվել տաղանդաշատ արվեստագետներ, հայկական բեմի իրական նվիրյալներ՝ Շարա Տալյան, Արտեմի Այվազյան, Կարպ Խաչվանքյան և ուրիշներ, ովքեր կերտել են հայկական երաժշտական թատրոնի դիմագիծը, դիմագիծը դարձել է բարետես, հաճելի, մեզ համար ընդունելի:
Այս թատրոնի յուրահատուկ և մշտական այցեաքարտն է եղել սուր երգիծանքը: Ասում են՝ ծիծաղելով մարդկությունն ուղղում է իր սխալները և հրաժեշտ է տալիս անցյալին»,-իր խոսքում ասաց նախագահը:
Թատրոնի 75-ամյակի առիթով նախագահի հրամանագրերով պետական պարգևներ, կոչումներ շնորհվեցին թատրոնի դերասաններին:
Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի ունեցավ «Պարոնյան-75» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Գրքի հեղինական է մշակույթի վատակավոր գործիչ, արվեստաբան Սերգեյ Առաքելյանը:
«Ես այս թատրոնում եմ 1941 թվականից: Դեռևս Պիոներ պալատից Շարա Տալյանի շնորհիվ բախտ ունեցա դառնալ այս թատրոնի «վազող հեռախոս»: Ինչու «վազող հեռախո՞ս»: Հայրենական պատերազմ էր, մութ ու ցուրտ տարիներ էին, չկար հեռախոս: Ես էլ վազվզում էի՝ կանչում դերասաններին: Այդպես մնացի թատրոնում ու դարձա մեծ թատրոնի հարուստ պատմության գրքի հեղինակը»,- ասաց Ս.Առաքելյանը:
Նրա համար թատրոնում միշտ ուրախ է, սակայն ամենաուրախ օրը 1942 թվականի հունիսի 22-ն է, երբ բացվեց թատրոնի վարագույրը:
Ծիծաղի թատրոնը, պարզվեց, տխուր օրեր էլ է ունենում. «1950-ականներ էին, մարդիկ 6 ամիս աշխատավարձ չէին ստացել: Փակման եզրին էր: Բայց մեր մտավորականները Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ գնացին կառավարություն, խնդրեցին, որպեսզի Գրիգոր Վարժապետյանին նշանակեն թատրոնի տնօրեն: Նշանակվելուց հետո ամեն ինչ շուռ եկավ՝ թատրոնը փոխեց իր կարգավիճակը, դարձավ իսկապես օպերետային թատոն»:
Գրքի էջերում ամփոփված են թատրոնի ողջ պատմությունը, թատրոնի 600 ներկայացման պատմությունը, թատրոնի հիմնադիրների ու տարբեր տարիներին թատրոնում հանդես եկած դերասանների մասին պատմություններ: