Վարչապետը ՏՄՊՊՀ-ին հորդորեց ջանքերն առաջին հերթին կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկային
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման, որի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահման համար ընկերությունը տուգանվեց 110 միլիոն դրամով:
Նրա խոսքերով՝ Հանձաժողովը օրենքով ստեղծված անկախ մարմին է, և Կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի, բայց դա, ըստ նրա, չի զրկում իրենց կարծիք արտահայտելու հնարավորությունից: «Ուստի, պարոն Շաբոյանին և ՏՄՊՊՀ-ին հորդորում ենք իրենց ջանքերն առաջին հերթին կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, կա լուրջ մրցակցություն: «Ես հանդիպել եմ այդ գործարարների հետ, իրենք հիմնավորում են, որ շահութաբաժինը առավել չեն դրել: Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»,- նշեց վարչապետը: