Քշիշտոֆ Ստոպկա. Հայերը մեծ դեր են ունեցել Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ
Լեհաստանի հայ համայնքը մեծ ներդրում է ունեցալ Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ դարեր շարունակ: Այս մասին փաստում է լեհ պատմաբան, Կրակովի անվանի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան Scholarm.com կայքին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ:
«Հայերը 14-րդ դարից սկսած շատ կարևոր դեր են խաղացել Լեհաստանի պատմության մեջ: Մեծ է եղել նրանց դերը Լեհաստանի և Օսմանյան կայսրության միջև դիվանագիտական հարաբերություններում, ինչպես նաև Լեհաստանի և Պարսկաստանի միջև հարաբերություններում… 18-րդ դարից ի վեր հայերը զգալի ներդրում են ունեցել նաև Լեհաստանի բարձր մշակույթի մեջ: Մենք Յագելոնյան համալսարանում ունեցել ենք հայ դասախոսներ», – ասում է պրոֆեսոր Ստոպկան հարցազրույցում:
Քշիշտոֆ Ստոպկան, ի թիվս այլ գրքերի, հեղինակել է Հայոց Վարշավա (Ormiańska Warszawa) գիրքը, որը ներկայացնում է փաստերի մեծ հավաքածու պատմության ընթացքում Վարշավայի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում հայերի ունեցած դերի մասին:
Նրա խոսքերով՝ գիրքը գրելու ընթացքում նրանք շատ բան են բացահայտել, որ մինչ այդ հայտնի չէր պատմաբաններին:
«Ընդամենը երեք ամսում ենք հավաքել գրքի նյութերը, բայց այդ ընթացքում բացահայտեցինք, որ հայերը կարևոր դեր են խաղացել Լեհաստանի մայրաքաղաքի տնտեսության, ինչպես նաև քաղաքի կառավարման մեջ 17-րդ դարի կեսերից ի վեր՝ հատկապես 18-րդ դարում: Հայերը Վարշավա էին ներկրում ապրանքներ արևելքից: Նրանք նաև հիմնադրել էին արևելյան տեքստիլի արտադրություն: Վարշավայի մոտ հայերը բացել էին լեհական գոտիների գործարան (որոնք շատ տիպիկ էին լեհական ազգային ոճին), և 18-րդ դարի ընթացքում այս արտադրությունը մեծ ժողովրդականություն էր վայելում: 19-րդ դարում հայերը կարևոր դեր են խաղացել նաև լեհերի ազգային ազատագրական պայքարի մեջ: Նրանք մասնակցել են 18-րդ դարում Լեհաստանի հեղափոխության մեջ՝ կռվելով լեհերի կողմից ռուսների դեմ (ովքեր ճնշում էին լեհերին): Հայերը նաև իրենց ներդրումն են ունեցել Լեհաստանի ռազմական ոլորտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ կռվելով [նացիստական] Գերմանիայի դեմ: Հայերը պետք է հպարտ լինեն իրենց նախնիներով», – ասում է պրոֆեսոր Ստոպկան:
«Այս ամենը պետք է որ հետաքրքրի այսօր հայերին, քանի որ Լեհաստանի հայկական սփյուռքը կարևոր է աշխարհում այլ հայ համայնքների շարքում: Թեև այս համայնքը փոքրաթիվ էր, բայց այն շատ հարուստ ու ազդեցիկ էր և կարևոր դեր ուներ արևելք- արևմուտք հարաբերություններում… Նրանց լեզուն (հայերենը, ինչպես նաև կիպչակ լեզուն), հետաքրքիր ֆենոմեն է և ուսումնասիրության նյութ լեզվաբանների համար… Լեհահայերի քաղաքական ազդեցությունը 17-18-րդ դարերում հայկական հարցի վրա նույնպես պետք է որ հետաքրքիր լինի այսօր», – նշեց լեհ պրոֆեսորը:
Քշիշտոֆ Ստոպկան նաև Կրակովում հրատարակում է “Լեհահայեր” պարբերականը, որը ներկայացնում է լեհահայ համայնքի պատմությունը՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը: Հայկական թեմաներով նրա հեղինակած աշխատությունների թվում են նաև «Արմենիա Քրիստիանա» գիրքը, որը ներկայացնում է Հայ առաքելական եկեղեցու պատմությունը՝ մասնավորապես եկեղեցու հարաբերությունները Կոնստանդնուպոլիսի և Հռոմի հետ:
Ստոպկան նաև պատրաստվում է գրել նոր գիրք Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցու մասին՝ սկզբից մինչև Հռոմի հետ միավորումը: Նրա գործընկերը Անդրեյ Ժեմբան, ով նույնպես Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր է, հրատարակության է պատրաստում մեկ այլ գիրք՝ «Հայկական Կրակով» վերնագրով:
Քշիշտոֆ Ստոպկան ուսումնասիրում է հայգիտությունը և հայոց պատմությունը արդեն շուրջ 30 տարի: Նրա խոսքերով հայկական թեմաները երբեք չեն դադարում հետաքրքիր լինել նրա համար: