Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց
Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որի համաձայն, քրեականացվում է ապօրինի հարստացումը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Այսպիսով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը:
Ըստ ներկայացված նախագծի, Քրեական օրենսգրքում ավելանում է նոր՝ 310․1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»:
«Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից։
Ապօրինի հարստանալու մասին հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա:
Այսինքն` թիրախավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրա հետ փոխկապակցված անձին՝ ծնողը, կինը կամ ամուսինը, և նրա հետ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:
Կառավարությունն առաջարկում է ապօրինի հասրտացման համար սահմանել ազատազրկում` 3-ից 6 տարի ժամկետով:
Ապօրինի հարստացման հիմնական դրսևորումներ են դիտարկվում՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և/կամ պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:
Նշենք, որ այս օրինագիծը Հայաստանը ընդունում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, և ապօրինի հարստացման մասին դրույթը հետադարձ ուժ չի ունենա: Կառավարության հաստատումից հետո, օրինագիծը կներկայացվի Ազգային ժողով:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանձնարարեց ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծ պատրաստել
- Քրեականացման միջոցով ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը շեշտակի կնվազի. Ա.Հովհաննիսյան
- Ապօրինի հարստացման քրեականացումը կարևոր գաղափար է, բայց կտա զրո արդյունք. Իշխանյան
- Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ չի կարող ունենալ. Կարեն Զադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան