Առանց եռակողմ համաձայնության, չենք կարողանալու փրկել գյուղատնտեսությունը. Ի.Առաքելյան
«Գյուղատնտեսության մեջ խնդիրները շատ են: Գրեթե բոլոր ոլորտներում ունենք խնդիրներ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի բուջեի նախագծի քննարկմանն ունեցած արտահերթ ելույթում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը կարևորեց անասնաբուժության զարգացումը. «Մի կողմից Համաշխարհային բանկից վարկ ենք վերցնում՝ զարգացնելու անասնապահությունը, մյուս կողմից ուշադրություն չդարձնելով անասնաբուժությանը, մեծ հետևանքներ կարող է ունենալ հետագա անասնապահության զարգացման վրա»,- նշեց նախարարը:
Ի. Առաքելյանի խոսքով՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ աշխատում են, որպեսզի մարզերում ունենան հաստիքներով հաստատված անասնաբույժներ:
Գյուղատնտեսության նախարարը նաև կարևորեց խորհրդատվության մակարդակի բարձրացումը. «Խորհրդատվության բացակայության պատճառով չկա ֆերմերային տնտեսությունների զարգացում, կարիք ունենք բարձրացել խորհրդատվությանը, որպեսզի ֆերմեներին ցույց տրվի նոր տեխնոլոգիաները, ուղղություն տրվի՝ ինչպես զարգացնել բիզնեսը: Այլապես մնում է կամայական մակարդակով կամ զուտ ամեն մեկն իր կարդացած կամ հայտնաբերած գրականությամբ»:
Ինչ վերաբերում է մթերումներին, Ի Առաքելյանն ասաց, որ, հանդիպելով գյուղացիների, ֆերմերների, վերամշակողների հետ, գրեթե համոզված է, որ պետք է խորհուրդներ, խմբեր ստեղծվեն:
«Չենք կարող այս դաշտում լինել լիբերալ: Ինչքան լիբերալ լինենք, այդքան դաշտը լինելու է անկառավարելի, մենք գնալու ենք գյուղատնտեսության մեջ կոլապսի:
Վարաչապետի հանձնարարությամբ աշխատում եմ արդեն պետություն-մթերող-գյուղմթերք արտադրող շղթան ստեղծելու ուղղությամբ: Խորհուրդների, խմբերի միջոցով կկարողանանք կանոնակարգել մինիմալ գին, որակի դասակարգում: Եթե չմիանանք եռակողմ, չենք կարողանալու փրկել գյուղատնտեսությունը»,- նշեց նա:
Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն խոսեց նաև սուբսիդավորման մասին՝ նշելով, որ միայն ազոտային պարարտանյութ տալով չեն կարող ապահովել որակյալ բերք:
«Մենք պետք է նոր մեխանիզմներ ներկայացնենք, առաջարկենք ֆերմերներին, որպեսզի շահագրգռված լինեն արտադրել որակով արտադրանք: Մենք չենք կարող մրցել խոշոր գյուղատնտեսություն ունեցող երկրների հետ, բայց կարող ենք մրցել մեր համբավով, անունով, մեր մթերքի որակով: Հայկական անունը հարգված է նույն ԵԱՏՄ երկրներում: Միայն հայկական անուն դնելով՝ շատ բիզնեսներ առաջ են գնում: Դա պետք է օգտագործել, դարձնել արժեք: Երկար ժամանակ է պետք, որ գյուղմթերքը դառնա որակով: Միգուցե շատ չլինի, թանկ լինի, բայց լինի որակով»,- ասաց Ի.Առաքելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին