Դյուրացված կարգով Իրանի շուկա մուտք գործելու նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ
Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց մի շարք գերատեսչություններին:
Մասնավորապես, հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և հնգորօրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ՝ այդ նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը նշեց, որ աշխատանքային խումբը պետք է աշխատի իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի ԻԻՀ-ում պահանջվող չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով:
«Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվելու է՝ մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Կարծում եմ՝ հանձնարարականը պարզ է: Ունենք հարևան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով դրանից, միշտ շուկան և սպառողն է թելադրում, թե ինչ ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է մեր արտադրանքը համապատասխանի: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, եթե մենք պետք է այստեղ էֆեկտիվ աշխատենք՝ կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին, մեծ մասշտաբներ զբաղենել»,- ընդգծեց վարչապետը:
Միաժամանակ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին՝ հանձնարարվեց շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան