Հայ գիտնականի գենետիկական քարտեզագրումը՝ հակափաստարկ թուրքերին
Հայկական գենոֆոնդը սկսել է ձևավորվել մոտավորապես 3,5 հազար տարի առաջ և այս տարիների ընթացքում հայերը գենետիկորեն չեն առնչվել օտարների հետ: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գիտությունների Ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, մարդաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը:
«Չենք առնչվել ուրիշների հետ, քանի որ ունեցել ենք պետականություն, լեզու, գաղափարներ, եղել ենք առանձնահատուկ, որը մեզ մեկուսացրել է: Ունեցել ենք ինքնություն: Եվ ցույց ենք տվել, որ բոլոր զավթիչների օրոք մենք մեր գենոֆոնդում չենք ունեցել նրանց ազեցությունը», -նկատեց գիտնականը:
Եպիսկոպոսյանն այս մասին գիտական աշխատանք է ներկայացրել ՝ «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը», որի շնորհանդեսը եղել ե մեկ տարի առաջ: Գիտնականն ասաց, որ գերատեսչություններից ԱԳՆ-ին, Սփյուռքի նախարարությանը ներկայացվել է աշխատանքը, սակայն արձագանք ստացվել է միայն ԱԳՆ-ից:
«Նախարարը զանգում է ակադեմիա և ասում է՝ էդ ի՞նչ ֆաշիստական աշխատանք եք ներկայացնում: Ինքն իրեն մասնագետ է համարում: Երբ ինձ ասացին, որ նման արձագանք է եղել, ես իրենց պատասխանեցի՝ մի մտահոգվեք, դա դիլետանտի տեսակետ է ու հաշվի մի առեք», -ասաց Եպիսկոպոսյանը:
Ինչ վերաբերում է գիտնականի «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» աշխատանքին, ապա դրանով նա փորձել է հայկական բարձրավանդակի շրջաններից սերող հայերի ԴՆԹ-ի անալիզի միջոցով վերականգնել նախնիների գենետիկական ժառանգության պատկերը:
«Մոտ 30 շրջանի գենետիկական հատկությունները փորձում ենք վերականգնել: Ինչո՞ւ: Մենք ուզում ենք ուղղակի ամրագրենք և երբ ունենանք հնարավորություն ուսումնասիրել Թուրքիայի բնակչությունը, կտեսնենք՝ ինչքանով են նրանք համապատասխանում մեր հայկական տարրին: Այժմ Թուրքիայում պեղումներ են կատարվում և հնագույն ժամանակների նմուշները համեմատում են ժամանակակից թրքախոս բնակչության հետ և ասում, որ իրենց նախնիները ապրել են այս տարածաշրջանում 8000 տարի առաջ:
Մենք էլ ասում ենք՝ «ստոպ», մի րոպե, ձեր այսօրվա գենոֆոնդում առնվազն 15 տոկոսն է թուրքական, իսկ մեր հայերը, որոնք այստեղից են ու դուք պեղումներ եք արել, նրանք են հետնորդները այս տարածքի, ժամանակշրջանի: Այսինքն՝ մենք սրանով թուրքերին ուժեղ հակափաստարկ ենք հավաքագրում, որ ունենանք հնարավորություն թուրքերին հերքելու, ասելու՝ ոչ թե ձեր նախնիներն են, այլ մեր», -իր գիտական աշխատանքի անհրաժեշտությունը ներկայացրեց Եպիսկոպոսյանը:
Մեր դիտարկմանը, թե ի՞նչ բացատրությամբ է ԱԳ նախարարը գիտնականի աշխատանքը ֆաշիզմ որակել, Եպիսկոպոսյանը պատասխանեց.
«Նա այդպես է որակել, որովհետև մենք նշել ենք, որ հայերը ամուսնանում են միայն հայերի հետ: Այդ մարդը չի կարդացել Կիրակոս Գանձակեցի, որը շատ հստակ գրում է՝ երբ մոնղոլները մոտենում էին հայկական գյուղեր, կանայք գերադասում էին իրենց նետել անդունդը, քան բռնաբարվեին: Նույնն էլ ցեղասպանության ժամանակ: Մեր երկրում, փաստորեն, մեր գործը համարում են ֆաշիստական, քանի որ վախենում են թուրքերից: Մենք ցույց ենք տալիս, որ բավականին երկար ժամանակ ապրել ենք չենթարկվելով որևէ օտարածին ազդեցության»: