Արգենտինայում ցույցերով պահանջում են աղքատության դեմ նոր օրինագծի ընդունում
Հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Արգենտինայում՝ երկրի իշխանություններից պահանջելով հավանության արժանացնել աղքատության դեմ մշակված նոր օրինագիծը:
washingtonpost-ը տեղեկացնում է, որ ցուցարարները շարժվել են դեպի Կոնգրեսի շենքը՝ վանկարկելով օրենքի նախագծի ընդունումը պահանջող կարգախոսեր:
Օրինագիծը, որով նախատեսվում է երկրում մեկ միլիոն աշխատատեղեր ստեղծել և երեխաների նպաստը 15 տոկոսով բարձրացնել, ներկայացվել է ընդդիմադիր պատգամավորների կողմից: Այն սպասում է Ստորին պալատի հավանությանը, սակայն երկրի իշխանությունները պնդում են, որ նմանատիպ քայլերը հարված կհասցնեն երկրի բյուջեին:
Նախագահ Մաուրիսիո Մակրի իշխանության գալուց ի վեր երկրի տնտեսությունում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, սակայն դրանց հետևանքով երկրում գրանցվել է պեսոյի արժեզրկման ամենաբարձր ցուցանիշը, որը հանգեցրել է աղքատության մակարդակի բարձրացմանը:
Երկրի կառավարության հաղորդմամբ՝ յուրաքանչյուր երրորդ բնակիչը ապրում է աղքատության պայմաններում: