«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ն աշխարհով մեկ տարածելու են ճապոնական երգերը
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը թողարկելու է խտասկավառակ՝ ամբողջությամբ ճապոնական երգեր ճապոներեն լեզվով: Panorama.am-ի հետ զրույցում երգչախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ասաց, որ ճապոնական շատ հայտնի ձայնագրման մի գործակալություն Ճապոնիայում հարյուր հազարավոր երգչախմբերի փոխարեն ընտրել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին՝ ամբողջ աշխարհով ճապոնական երգը տարածելու համար:
«Ինչպես ճապոնացիներն են նամակում գրել՝ ուզում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ն իրենց գեղեցիկ հնչողությամբ աշխարհով մեկ տարածեն ճապոնական գեղեցիկ երգերը»,- ասաց նա:
Նշենք, որ միջզգային մրցույթների դափնեկիր, «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր մանկապատանեկան երգչախումբն արդեն գործում է 24 տարի: Ելույթ են ունեցել աշխարհի տարբեր երկրների հայտնի բեմերում: Երգչախմբի երգացանկի մեջ ընդգրկված են հին, միջնադարյան, Վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական, և հանրամատչելի ստեղծագործություններ։
«Մեր հաջողության գրավական այն է, որ մենք երբեք չենք բավարարվում մեր հասածով: Ոչ թե ագահ ենք, այլ հասկանում ենք, որ նույնիսկ ամենաբարձր գագաթին երկար մնալով՝ եթե ոչ անկման, ապա բորբոսնելու վտանգ կա: Միշտ պայքարի մեջ ենք՝ ինքներս մեր որակը բարձրացնելու համար, մնացածն արդեն պարզ է՝ շնորհք, տաղանդ, աշխատասիրություն»,- նշեց նվագախմբի հիմնադիրը:
Տ. Հեքեքյանի խոսքով՝ այսօր տաղանդավոր երեխաները քիչ են, սակայն իրենք ընդունում են նույնիսկ ոչ գրագետ, լսողության պակաս երեխաների ու դարձնում տաղանդավոր: