ԿԲ նախագահը հերքել է, թե տոկոսադրույքը նվազեցնում են վարչապետին աջակցելու համար. ՀԺ
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է այն դիտարկումը, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեծ թափով իջեցնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու համար։
Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, և Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ՝ 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց ևս 0,25 տոկոս։ Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ. Կարապետյանին։ «Նախորդ վարչապետի օրոք ավելի շատ ենք իջեցրել տոկոսադրույքը։ 2014թ. աննախադեպ բարձրացրինք, որովհետև ունեցանք բավականին լուրջ շոկ, հետո փորձեցինք իրավիճակը փոխել և տեմպով իջեցրինք...»,- պատասխանել է Ջավադյանը՝ հերքելով, թե այդ քայլը վարչապետին աջակցելու նպատակ ուներ։
Նշենք, որ ԿԲ-ն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց փոխեց այլ նորմատիվներ ևս, որոնք պետք է հանգեցնեին տնտեսության աշխուժացմանը։ Այլ հարց է, որ տնտեսությունը, դրանով հանդերձ, դեռ չի ուզում աշխուժանալ։