Գերմանիայում բուժում ստացող հայ զինծառայողը արդեն կարողանում է շարժել ոտքերը
Ադրբեջանի կողմից վիրավորված զինծառայող Գևորգ Եղիազարյանը, որը շարունակում է բուժումը Գերմանիայում, արդեն կարողանում շարժել վերջույթները: Գևորգն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է կարողանում շարժել ոտքերը՝ անվասայլակի վրա նստած:
Գևորգ Եղիազարյանը վիրավորվել էր 2011թ.-ի դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում՝ շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ՝ ադրբեջանցի դիպուկահարի կողմից, ինչի հետևանքով վնասվել էին նրա ողերն ու ողնաշարը: Երեք տարի շարունակ նա գամված է եղել անկողնուն, չի կարողացել քայլել, շարժել վերջույթները:
Գևորգի մասին գրեցին լրատվամիջոցները և մեծ աղմուկից հետո կազմակերպվեց դրամահավաք, որին մասնակցեցին մտահոգ քաղաքացիները, ինչպես նաև պաշտոնյաներ: