Մարիաննա Լիման կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի երգով հաղթել է միջազգային մրցույթում
Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի Մարիաննա Լիման կրկին հաղթանակով է վերադարձել Հայաստան՝ այս անգամ մասնակցելով Վիեննայում կայացած «Vienna stars 2016» և Պրահայում կայացած «Prague stars 2016» երգի մրցույթներին: Այս մասին տեղեկացնում են հայաստանի կոմպոզիտորների միությունից:
Վիեննայում նա արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի, իսկ Պրահայում՝ լավագույն մրցանակի՝ իբրև հեղինակ-կատարող՝ իր «Falling» երգի համար: Երկու մրցույթների արդյունքում էլ նա նաև արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: Վիեննայում Մարիաննան կատարել է իր «Our Blues» երգը, որի հեղինակը Նարինե Զարիֆյանն է, իսկ խոսքերը գրել է ինքը՝ S.G.-ի հետ համատեղ:
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն էլ վիեննական մրցույթի կազմկոմիտեի կողմից արժանացել է միջազգային դիպլոմի՝ ջազային լավագույն ստեղծագործության համար։
Վիեննայի և Պրահայի միջազգային մրցույթներն անցկացվել են «The festival bridges» միջազգային ընկերության կողմից: Ընդհանուր առմամբ, մրցույթներին ընդգրկված է եղել մոտ 2000 մասնակից՝ երաժշտական ու պարային անվանակարգերում:
Վիեննայի և Պրահայի մրցույթների ավարտին Մարիաննան նաև մեկնել է Օսլո, որտեղ ծանոթացել է տաղանդավոր ջազմենների՝ սաքսոֆոնահար Նիկ Սփիլբերգի և դաշնակահար Վիկտոր Բերեզինսկու հետ: Նրանց հետ միասին համերգով հանդես է եկել Օսլոյի հանդիսատեսի համար։ Երգչուհին հույս ունի, որ իրենց համագործակցությունը շարունակական կլինի: