Հալեպում ահաբեկիչները ցրել են խաղաղ բնակիչների հանրահավաքը
Հալեպի արևելյան մասում գրոհայինները կրակոցներով ցրել են խաղաղ բնակիչների հանրահավաքն ու ականապատել բոլոր ուղիները դեպի Բուսթան Ալ-Կասր անցակետ։ «Ռիա նովոստի»-ին գրում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին։
Փախստականների խոսքով՝ հինգշաբթի առավոտյան Ալ-Քալյասա շրջանից շուրջ 300 խաղաղ բնակիչներ դուրս էին եկել բողոքի՝ ընդդեմ ահաբեկիչների և «տեղի խորհրդի» և փորձել անցնել նշված Բուսթան Ալ-Քասր անցակետով։
Իգոր Կոնաշենկովը հայտնել է նաև, որ գրոհայինները խաղաղ բնակիչների վրա կրակը բացել են Հայդարիա շրջանից։ Զոհվել է 17 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ Բնակիչները փորձել էին դուրս գալ տարածք, որ վերահսկվում է կառավարական զորքերի կողմից։
Նա ավելացրել է, որ ահաբեկիչները ձերբակալել, անհայտ ուղղությամբ են տարել այնուհետև գնդակահարել են մոտ 10 տղամարդու, ովքեր համարվել են անկարգությունների «կազմակերպիչներ»։
Մինչ Հալեպում լարված իրավիճակ է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին՝ սիրիական խնդրին անլուրջ մոտենալու հարցում,-գրում է ռուսական մեկ այլ լրատվամիջոց:
Էրդողանը հայտարարել է, որ հիասթափված է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումից:
Նրա խոսքով՝ Սիրիայում շարունակվող պատերազմն անվտանգության սպառնալիք է ստեղծել Թուրքիայի հարավային սահմաններին և հանգեցրել նրան, որ Թուրքիայում են հայտնվել երեք միլիոն սիրիացի փախստական: