Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր
Այսուհետ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից մանրամասնում են, այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ծրագիրը, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշեց, որ սա փորձնական փոխադրում էր:
«Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները և համատեղ աշխատանքով փորձել վերացնել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի և գնի վրա»,-նշել է նախարարի առաջին տեղակալը:
Կոնտեյներները Փոթիից Երասխ են հասցվել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել հետագայում այդ ժամանակը հնարավորինս կրճատելու ուղղությամբ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի խոսքով` փորձնական փոխադրումը հաստատեց, որ նախագիծն իրատեսական է:
Այլ մանրամասներ՝ նախարարության տրամադրած տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Մակարյան. Մեկ տարվա ընթացքում դրական արդյունքներն արդեն տեսանելի կլինեն
- Իրանն ու Հայաստանը ավտոմեքենաների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր են ստորագրել
- Մասուդ Քարբասիան. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Եվրասիական տնտեսական միությանը
- Նախարարը իրանցի պաշտոնյաներին է ներկայացրել Armphone-ը
- Դյուրացված կարգով Իրանի շուկա մուտք գործելու նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ
- Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կիրականացնի «Սանիր» ընկերությունը
- Հայաստանը դեմ չէ իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղով Վրաստան տեղափոխելուն. Արեգ Գալստյան