Ներկայացվելու է պետպատվերի նոր հայեցակարգ, որով քաղաքացիները կունենան ընտրության հնարավորություն
Արագածոտնի մարզն ավելի շատ գյուղատնտեսական է և ՀՆԱ-ի 60 տոկոսը զբաղեցնում է այս ոլորտը: Ընթացիկ տարում մշակվել է 218 հազար հա հողատարածք, ինչը 2015-ի համեմատ ավելի է 600 հա-ով,- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ժամանակ զեկուցել է մարզպետ Գաբրիել Գյուզալյանը՝ ներկայացնելով է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Այս մասին հայտնում են առավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարզպետի խոսքով՝ առաջնային խնդիր է արտադրանքի իրացումը, ոռոգելի տարածքների ավելացումը: Վերջինիս հետ կապված քննարկումներ են տարվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ջրի բաշխման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ըստ Գաբրիել Գյոզալյանի, մարզում ընթացիկ տարում ներդրումներ են կատարվել հիմնականում գինու, կոնյակի արտադրության ուղղությամբ, ոլորտում գործող ձեռնարկությունների թիվը հասել է 13-ի: Ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով քայլեր են իրականացվում նաև հանքարդյունաբերության ոլորտում: Գաբրիել Գյոզալյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում մարզի զարգացման ծրագրի մշակման ուղղությամբ, որը կառավարությանը կներկայացվի մինչ դեկտեմբերի 25-ը:
Անդրադառնալով մարզի զարգացման ծրագրին՝ Կարեն Կարապետյանը ներկայացրել է համայնքների ղեկավարներից իր ակնկալիքները:
Երևանում չկա մի խելոք մարդ, որը ձեզնից լավ է պատկերացնում ձեր համայնքի, ձեր մարզի զարգացումը: Այդ իսկ պատճառով, Երևանի հետ գործնական հարաբերություններում և կառավարության հետ շփումից արդյունքները շատ խիստ կապված են նրանից, թե դուք ինչքանով եք ռեալ, պրագմատիկ պատկերացնում մարզի, համայնքի զարգացումը, խնդիրները, պակասը, այն, թե ինչի կարիք ունեք: Մենք ունենք սահմանափակ բյուջե, սահմանափակ միջոցներ, բայց բազմաթիվ կարողություններ, որպեսզի բավականին լավ պայմաններով ֆինանսներ ներգրավենք: Ո՞ւր պետք է ուղղենք այդ ֆինանսը. պետք է ուղղենք ռազմավարական որոշակի խնդիրների լուծմանը, նաև այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր ունենք: Ո՞ր գործընկերոջ հետ ենք մենք աշխատելու. որը հարցին լավ է տիրապետում, վստահ է, որ այս ծրագիրը կիրագործի, նաև զուգահեռ բեռ կվերցնի իր վրա: Մինչև դուք չպատկերացնեք ձեզ ինչ է պետք, Երևանում որևէ մեկը չի պատկերացնելու»,- ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե մարզպետն ու համայնքների ղեկավարները չպատկերացնեն իրենց ինչ է պետք, երբևէ դրական և արդյունավետ տեղաշարժ չի լինելու: «Բիզնեսի, կառավարման մեջ մի թեզ կա, որը չափազանց կարևոր է. եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անել: Դուք անպայման պետք է ունենաք այդ պատկերացումը, թե ինչ եք ցանկանում: Պետք է ամփոփել, պատրաստել մի նյութ, որից կիրառական արդյունք կլինի և մենք ըստ դրա քայլ առ քայլ կգնանք առաջ: Պետք է պատրանքներից դուրս գանք և նստենք ու առարկայական խոսենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզում առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի, մասնավորապես, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի և հարակից այլ հարցերի մասին: Զեկուցվել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում ծախսերի նվազեցման և օպտիմալացման ուղղությամբ, նախատեսվում է Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի կարգավիճակի փոփոխություն, որը կանգնել է ֆինանսական խնդիրների առջև: Մասնավորապես, ծրագրվում է փակել կենտրոնի ստացիոնար ծառայությունը և թողնել միայն ամբուլատոր և անհետաձգելելի բուժօգնության ծառայությունը: Արդյունքում, կտնտեսվի 52 մլն դրամի տնտեսում: Ծաղկահովիտի համայնքապետն իր դժգոհությունն է հայտնել բուժկենտրոնի օպտիմալացման ծրագրի կապակցությամբ և առաջարկել է այն հանձնել հավատարմագրային կառավարման: Նա տեղեկացրել է, որ այդպիսի ներդրող արդեն իսկ կա: Վարչապետ Կարապետյանը հորդորել է ծրագիրը հնարավորինս արագ ներկայացնել Առողջապահության նախարարություն: Խոսելով պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայացվելու է պետպատվերի նոր հայեցակարգ, որով քաղաքացիները կունենան ընտրության հնարավորություն:
«Մենք պետպատվերով չպետք է առողջապահության ոլորտում ստեղծենք ոչ մրցունակ, ոչ արդարացի դաշտ, որևէ մեկին չպետք է գցենք արտոնյալ վիճակի մեջ»,- ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սպասելու է ներդրումային հստակ ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների:
Կարեն Կարապետյանը կարևորել է կրթության արդյունավետությունը և անհրաժեշտ համարել շարունակական կերպով կազմակերպել ուսուցիչների վերապատրստում, դպրոցներում անցկացնել տեսադասեր: «Պետք է այնպես անել, որպեսզի երեխաների հավաքի հիմնական տեղը լինի դպրոցը»,- ասել է վարչապետը՝ տեղեկացնելով նաև, որ քննարկվում է դպրոցական համակարգում ֆինանսական կրթություն ներդնելու հարցը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան