Մշակույթն առանձին կույրաղիք չէ. Ռուբեն Բաբայան
Հայաստանյան հեռուստատեսությունն այսօր ունի մանկապատանեկան, մշակութային, գրական հաղորդումների կարիք,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա խոսքով՝ այսօր կան շատ հրաշալի, տաղանդավոր արվեստագետներ, մտավորականներ, սակայն պետք է նրանց բացահայտել ու ներկայացնել հանրությանը:
«Հաճախ են ասում՝ ո՞ւր են այսօրվա իսահակյանները, սևակները, ունե՞նք գրականություն: Այս թյուր համեմատությունն առաջին հերթին ներքին թերհավատությունն է ընթացիկ կյանքի, գրականության հանդեպ: Ամեն գրող իր ժամանակին բերում է իր խոսքը, յուրահատուկ ձայնը»,- նշեց նա:
Գրողների միության նախագահը կարևորում է մանկապատանեական հաղորդաշարերերը՝ նախ և առաջ այսօրվա խաթարված լեզվամտածողություն փոխելու համար:
«Մեր կյանքում տեղ է գտել մի լեզվամտածողություն, որ եթե բաղաձայնները շեշտում են, ձայնավորները սղում, իրենք լավ տղա են, հեղինակություն են: Հատկապես միջին դասարանների տղաները, ովքեր նախկինում լավ կարդում էին, 14-15 տարեկանում փոխում են իրենց աշխարհայացքը: Լեզվամտածողությունը հենց արտահայտվում է այդ տարիքի տղաների խոսակցության, ագրեսիվ պահվածքի մեջ: Վերջերս պաշտպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ ես ասացի, որ նման լեզվամտածողություն ունեցող երիտասարդները բանակում հաստատ կռիվների մեծ հնարավորություն են ստեղծում»,- ասաց Է. Միլիտոնյանը:
Մտավորականի խոսքով՝ այսօր Հայաստանում արժեհամակարգը գլխիվայր շուռ է եղել, ավելի շատ խոսում են տնտեսական, բանկային գործունեությունների մասին. «Մինչդեռ մշակույթը պատմականորեն եղել է մեր առաջնակարգ համակարգի բարձր աստիճանը: Այսօր համարվում է ոչ վարկանշային»:
Ասուլիսին ներկա Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ցանկանությունն է, որ հայաստանյան հեռուստաընկերությունները տարբերվեն իրարից, քանի որ հայ ժողովրդի հարստությունը բազմազանության մեջ է:
«Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ ավելի շատ ման են գալիս, թե ինչով իրար նմանվեն: Կուզեի ընդգծված դեմք ունենային մեր հեռուստաալիքները: Երևի թե արդեն ժամանակն է, որ լինեն զուտ մասնագիտական հեռուստաալիքներ, ինչպես ամբողջ աշխարհում է: Սա ևս շատ կարևոր է»,- նշեց արվեստագետը:
Նրա խոսքով՝ հեռուստաալիքները պետք է փորձեն գտնել, բացահայտել հետաքրքիր մարդկանց, ոչ թե իրարից խլեն մեկի գտածը:
Խոսելով սերիալների մասին, Ռ. Բաբայանի գնահատմամբ, սերիալը որպես ժանր հետաքրքիր է, սակայն բովանդակությունն ու ժանրը չպետք է խառնել իրար հետ:
«Ժանրի մեջ վատ բան չեմ տեսնում, բովանդակության մեջ եմ տեսնում, որը պրիմիտիվ է, մակերեսային, սուտ զգացմունքային: Մենք պարզապես հնդկական ֆիլմերը, որով ժամանակին մեր հասարակության որոշակի մասը տարված էր, փոխարինել ենք հայկական հնդկական ֆիլմերով: Լացացնել, ընդ որում խաղալ ոչ թե զգացմունքի խորության, բացահայտման վրա, այլ խնդիր է դրվում՝ լացացանել: Մենք բոլորս խորության կարիք ունենք: Իսկ խորության համար նոր դեմքեր են պետք, մասնագիտական համապատասխան ունակություններ ունեցող մարդիկ են պետք: Հաճախակի նեղվում ես պարզապես անորակ տրվող արտադրանքից»,- ընդգծեց նա:
Ռ. Բաբայանն ասաց, որ հաճախ հեռուսաընկերության ղեկավարը սեփական վատ ճաշակը բացատրում է պահանջարկով. «Ասում է՝ դա է ուզում հասարակությունը: Կարծես ինքը բարձր ճաշակ ունի, հասարակությունն իրենից պահանջում է ցածր ճաշակ: Այդպես չի լինում. եթե մարդը բարձր ճաշակ է ունենում, չի կարող իրեն ստիպել ցածրաճաշակ բաներ անել: Մենք խնդիր ունենք լայն հորիզոնի բացակայության հետ»:
Նա նշեց, որ մշակույթն առանձին կույրաղիք չէ, մի ոլորտ է, որը կապված է կյանքի բոլոր ոլորտների հետ:
Նշենք, որ նոյեմբերի 21-ը Հեռուստատեսության համաշխարհային օրն է: