«1000 դրամների» հիմնադրամը միակն է լինելու, որտեղից չեն կարող գողանալ. Պատգամավոր
«Ուրեմն ձեզ մի բան ասեմ՝ համոզված եմ, որ այս հիմնադրամը լինելու է մեր 25 տարվա պատմության մեջ առաջին հիմնադրամը, որտեղից ուղղակի չեն կարողանալու էդ գող ավազակները օգտվել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ խոսելով զինծառայողների վնասների հատուցման մասին հիմնադրամի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ կառավարությունն առաջարկում էր, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար ստեղծվելիք հիմնադրամին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 1000-ական դրամ գումար փոխանցի:
Պատգամավորը վստահ է, որ հասարակությունը վերահսկողություն է իրականացնելու այդ հիմնադրամի գործունեության նկատմամբ և դա կարող է երաշխիք լինել, որ այնտեղից գումար չգողանան:
«Այդ հիմնադրամում մատը թաթախողներին սովորական դատարաններ չպետք է դատեն, այլ ռազմական տրիբունալներ», -նկատեց պատգամավորը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինքն իր ասածին հավատո՞ւմ է, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց, որ կոռուպցիոն սկանդալի մեջ երբևէ չի «թաթախվել», «անբասիր ծառայել է հայրենիքին» ու ինչո՞ւ պետք է չհավատա իր ասածին:
Ավելին, պատգամավորն ասաց նաև, որ մեծահարուստներից, ովքեր դղյակներ են կառուցել, ոչ թե պետք է 1000 դրամ վերցնել, այլ միլիոն դոլար:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է ստեղծել հիմնադրամ, որը կմիավորի թե պետությունից, թե հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:
Նախագծով նախատեսվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին՝ ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձին: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում