Հայաստանցի մտավորականներն այցելել են Արցախի զորամասեր
Հայաստանցի շուրջ երեք տասնյակ մտավորականներ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում այցելել են Արցախ, եղել զորամասերում:
Մտավորականներին հանդիպել է նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչապետը ողջունել է Արցախում զորամաս այցելելու հյուրերի նախաձեռնությունը՝ շեշտադրելով դրա կարևորությունը բանակի ու քաղաքացիական հասարակության միջև կապերի ամրապնդման և փոխադարձ աջակցության ապահովման գործում:
«Ինձ համար պատիվ է հայոց գիտությունն ու մշակույթը ներկայացնող այսպիսի կազմի հետ հանդիպում ունենալ, առավել ևս, երբ Արցախ ձեր այցի նպատակը հայ զինվորի կողքին կանգնելն ու նրան գոտեպնդելն է: Համոզված եմ, որ ձեր հանդիպումը զինվորներին լրացուցիչ լիցք է տալու, իսկ դուք ավելի լավ եք պատկերացնելու նրանց հոգեբանությունը, բանակում իրականացված բարեփոխումներն ու առկա խնդիրները»,-ասել է Ա. Հարությունյանը:
Նա Արցախի կառավարության անունից՝ պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցել նման նախաձեռնություններին և միասնական ջանքերով ամրապնդել հայոց հայրենիքի պաշտպանության կուռ համակարգը, «որը խիստ խոցելի կլիներ առանց մտավորականների և, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության»: