
Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է մասնացել 2017 թվականին կառավարության ղեկավարի ընտրություններին: Նա կառաջադրվի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի կողմից: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Ռոյթերսին:
Այսպիսով, Մերկելը պատրաստվում է ղեկավարել Գերմանիայի կառավարությունը չորրորդ անգամ անընդմեջ: Նա այդ պաշտոնում է 2005 թվականից:
Բունդեսթագի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավարը նոյեմբերի 15-ին հայտնել էր Մերկելի՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Նա նշել էր, որ Մերկելը վերջնական որոշում է կայացրել և «պատրաստ է իր ներդրումը բերել միջազգային կարգուկանոնի ամրապնդմանը»:
Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան 2017-ի աշնանը: