Ոստիկանները շղթայաբար սուտ ցուցմունքներ են տվել. «Տոնածառի գործ»
Այսօր «տոնածառի գործով» դատական նիստում, որը վարում էր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը:
Նախորդ նիստում դիտվել էին, հետազոտվել պաշտպանական կողմի ներկայացրած տեսանյութերը:
Հիեշցնենք՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
2015-ի դեկտեմբերի 31-ին, Ամանորի գիշերը Սաֆարյանը ցանկացել էր Ազատության հրապարակում տոնածառ դնել և նշել Նոր Տարին, սակայն ոստիկանները թույլ չէին տվել:
Այսօր Սաֆարյանը դատավորի թույլտվությամբ մի քանի հայտարարություններ կատարեց ներկայացված տեսանյութերի մասին: Մասնավորաապես, նա ասաց, որ տեսանյութում պարզ երևում է, որ ոստիկանները, ովքեր մոտենում են ՀԽ մյուս անդամ Հովհաննես Ղազարյանին, չեն պահանջում, որ Ղազարյանը բացի իր հանդերձանքը, որպեսզի տեսնեն՝ կա՞ արգելված իր նրա հանդերձանքի մեջ, թե՞ ոչ:
«Ոստիկաններ Պավել Գաբրիելյանն ու Արթուր Հեքիմյանը նախաքննության ընթացքում տվել էին սուտ ցուցմունքներ առ այն, որ նման պահանջ ներկայացրել են, ինչը Գաբրիելյանը հաստատեց նաև դատարանում՝ փաստացի կատարելով քրեական հանցագործություն՝ տալով սուտ ցուցմունք: Ի դեպ, դատախազի ուշադրությունն եմ հրավիրում այդ փաստի վրա: Տեսանյութում հստակ լսվում է՝ նրանք չեն ներկայացել, չեն շնորհավորել Ամանորը և ամենակարևորը չեն պահանջել, որ Հովհաննես Ղազարյանը բացի հանդերձանքը, մինչդեռ դատարանում ասացին այս ամենի հակառակը: Ոստիկանները շղթայաբար սուտ ցուցմունքներ են տվել», -հայտարարեց Սաֆարյանը:
Սաֆարյանի հայտարարության համաձայն՝ ոստիկանները ոչ միայն սուտ ցուցմունքներ են տվել, այլ նախապես պայմանավորվել են՝ ինչ ցուցմունքներ տալ:
«Ինչպես պնդել եմ իմ նախորդ ցուցմունքում, ես ոստիկան Գեղամ Խաչատրւանի դեմքը տեսել եմ կես մետրից: Գեղամ Խաչատրյանի վրա որևիցե վնասվածք չի եղել:
Գեղամ Խաչատրյանն ու մյուս ոստիկանը ցուցմունքներում ասացին, որ Գեղամ Խաչատրյանին տարել են ծառերի տակ, մեքենայի մոտ, որպեսզի նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերեն, սակայն տեսագրության մեջ հստակ երևում է, որ Գեղամ Խաչատրյանը իր ենթակաների հետ ծառերի տակից տեղափոխվում է ասֆալտապատ տարածք, շարունակում է իր ապօրինի գործողությունները, Արմեն Միքայելյանին բերման ենթարկելուց հետո, գնում է դեպի Արմեն Միքայելյանի հետևից և շարունակում է կատարել գործողություններ, ի՞նչ առաջին բուժօգնության մասին է խոսքը:
Միջադեպի ավարտի ժամանակ Գեղամ Խաչատրյանը չի ունեցել վնասվածք, որտեղի՞ց նրան վնասվածք: Չէ՞ որ այս միջադեպից հետո այլ բախում տեղի չի ունեցել: Այսինքն՝ մնում է ենթադրել, որ ոստիկանները Խաչատրյանին տարել են մուգ ապակիներով ոստիկանական մեքենա, այնտեղ նրան հարվածել են, որ վերք ունենա, կամ Գեղամ Խաչատրյանն ինքն է իր գլուխը պատին տվել, որ հետք լինի: Բայց հստակ է, փաստ է՝ միջադեպի ավարտից հետո Գեղամ Խաչատրյանի մոտ չկան վնասվածքներ», -հայտարարեց Սաֆարյանը:
Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե որտեղից է պաշտպանական կողմը ձեռք բերել դատարանում հետազոտված տեսանյութերը, Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ դրանցից մեկը ինքն է ներբեռնել «Youtube» տեսահոսթինգում, իսկ մյուսն էլ ձեռք են բերել այլ աղբյուրից, որը չեն ցանկանում բացահայտել:
Այնուհետև, Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատական նիստը նախագահ դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց: Բանն այն է, որ դատարանը մինչ այդ մերժել էր Հայրապետյանի միջնորդությունը և որոշել էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով այժմ կալանքի տակ գտնվող Սերգեյ Կյուրեղյանը, Վարուժան Ավետիսյանը, Կարո Եղնուկյանը, Հովհաննես Ազարյանը, Գագիկ Եղիազարյանը և Սմբատ Բարսեղյանը չեն կարող ներկայանալ դատարան և ցուցմունք տալ, ինչպես միջնորդել էր պաշտպանական կողմը: Դատարանը բացատրել էր, որ հնարավոր է նրանք իրենց ցուցմունքի ժամանակ նախաքննական գաղտնիքներ հրապարակեն:
Սա առաջացրեց Սաֆարյանի պաշտպանության վրդովմունքը, և նրանք ինքնաբացարկ հայտնեցին դատավորին: Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը, 10 րոպե խորհրդակցական սենյակում մնալուց հետո, եկավ նիստերի դահլիճ, մերժեց միջնորդությունը:
Դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան