Բողոքի ակցիա Ախալքալաքում՝ Վաչիանի սպանության գործով
Չնայած ոստիկանությունը հայտարարել է, որ Ջավախքի Վաչիան գյուղում Քաչոտյանների սպանության գործը բացահայտել է, սակայն վաչիանցիները պահանջում են բացահայտել սպանության իրական շարժառիթները: Այս մասին գրում է jnews.ge կայքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ: Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, իսկ սեպտեբերին հայտնեցին, որ օգոստոսի 27-ին Գլդանի բանտում ինքնասպանություն է գործել: Նրա մահվան փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115- րդ հոդվածի համաձայն` հասցնել ինքնասպանության:
Այսօր առավոտյան Ախալքալաքի ոստիկանության դիմաց էին հավաքվել Վաչիան գյուղի բնակիչները, նրանք ոստիկանությունից պահանջում են շուտափույթ բացահայտել Քաչոտյանների ընտանիքի սպանության գործը՝ նշելով, որ 6 ամիս է անցել, բայց ոչ մի կոնկրետ տեղեկություն չունեն գործի ընթացքի մասին:
«Ի՞նչ է եղել, ինչի՞ համար են մտել տուն և սպանություն կատարել, ում էր դա պետք: Մենք ուզում ենք, որ մինչև վերջ գործը բացահայտվի: Գտան մեկին, բռնեցին հետո լուր եկավ, որ սպանել են: Մենք չենք հավատում, որ ինքը մենակ է գործել, որովհետև դա մի մարդու գործ չի: Այդ տղան ոչ ֆիզիկապես, և ոչ էլ հոգեբանական կողմով չէր կարող միայնակ նման բան անել», – ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Ալեքյանը:
Քաչոտյանների ընտանիքի սպանությունից 6 ամիս անց էլ համագյուղացիները մինչ օրս վախով են ապրում: Տղամարդիկ տարակուսած են՝ ինչպես գյուղում թողնեն իրենց ընտանիքի անդամներին ու գնան արտագնա աշխատանքի:
«Անընդհատ մեզ ասում են համբերեցեք, սպասեցեք, բայց ինչքան կարելի է համբերել: Ասում են՝ ժամանակ է պետք, որ բացահայտեն, հեշտ գործ չէ, մի խանգարեք մենք աշխատում ենք: Բայց մենք էլ մարդ ենք, ընտանիք, երեխա ունենք, ինչ խղճով թողնենք գնանք խոպան: Շատ հնարավոր է մարդասպանը մեր մեջ այստեղ կանգնած է»,- ասել է Վարդ Գյուլբեկյանը:
Վաչիանցիներին չի հաջողվել հանդիպել Ախալքալաքի ոստիկանապետի հետ: Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, նա տեղում չէ: Փոխոստիկանապետ Հակոբ Մարաբյանը եկել և ասել է. «Գործը ընթացքի մեջ է: Մենք օրը 24 ժամ աշխատում ենք, որպեսզի ապահովենք բնակչության խաղաղությունը: Մենք հիմա ոչինչ չենք կարող ասել: Կարող եք իջնել Ախալցխա և այնտեղից ճշտել ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները»:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Ակոպովի ինքնասպանությունը հետաքննում է օմբուդսմենը
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում ինքնասպան է եղել
- Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել. «Ջավախք նյուզ»
- Տեղի է ունեցել Ախալքալաքում սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործը բացահայտվել է
- Ախալքալաքում հայ ընտանիքի սպանության գործով ձերբակալված կա
- Ախալքաքում հայ ընտանիք է սպանվել