Վաղը հայտնի կդառնա Վրաստանի կառավարության նոր կազմը
Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին նախարարների նոր կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի նոյեմբերի 22-ին: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտնել է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:
«9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո նախագահը խորհրդարանին է ներկայացրել վարչապետի թեկնածությունը: Հրամանագրի համաձայն` բոլոր նախարարները ներկայում ժամանակավոր պաշտոնակատարներ են: Վարչապետի պաշտոնակատար Կվիրիկաշվիլին ապագա նախարարների թեկնածությունները երեքշաբթի կներկայացնի կառավարության վարչակազմին», - նշված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը գրում է, որ ուրբաթ օրը կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո:
Ընտրությունների արդյունքով` «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 150 պատգամավորական տեղից 115-ը: Մյուս մանդատները ստացել են Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության` «Միասնական ազգային շարժման» և «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները: