ԱՆ ՔԿՎ-ն Շիրխանյանի հարցով անհապաղ դիմել է առողջապահության նախարարությանը. Պարզաբանում
Արդարադատության նախարարությունը արձագանքել է զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարություններին: Նշենք, որ փաստաբանը հայտարարել էր, թե Շիրխանյանի առողջական վիճակը վատ է, նա երեք ամիս չի կարողանում լողանալ, չի կարողանում ինքնուրույն շարժվել:
«Նրան աստիճանաբար սպանում են», -հայտարարել էր փաստաբանը:
«Հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությունները, տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը 2016 թվականի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն:
Մասնավորապես, նոյեմբերի 18-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տիգրան Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Միևնույն ժամանակ, բժիշկներն առաջարկել են կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ: Այդ նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունն անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ այդ հետազոտությունները պետպատվերի շրջանակում իրականացնելու համար: Պատասխանը ստանալուն պես այդ մասին ևս կտեղեկացնենք:
Հարկ ենք համարում նշել նաև, որ Արդարադատության նախարարությունն այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Հ.Գ. Փաստաբանին հորդորում ենք հավատարիմ մնալ իր մասնագիտությանը, զբաղվել միայն մասնագիտական գործունեությամբ և ոչ թե՝ բժշկությամբ», -նշվում է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան