«Անահիտ» կինոմրցանակաբաշխությունն ուժեղ մրցութային ծրագիր է ունենալու. Րաֆֆի Մովսիսյան
Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը: Հայտերի ընդունումն ավարտվում է նոյեմբերի 26-ին: Panorama.am-ի հետ զրույցում ակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ բավականին ուժեղ մրցութային ծրագիր է լինելու:
Նա տեղեկացրեց, որ 11 անվանակարգում՝ լավագույն խաղարկային ֆիլմ, վավերագրական ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ, անիմացիոն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, դերասան, դերասանուհի, նկարիչ, կոմպոզիտոր, ընդունվում են հայտեր, կինոակադեմիայի 35-ից ավելի անդամի կողմից ամեն անվանակարգի համար ընտրվելու է երեք առաջադրված թեկնածու, որից էլ արդեն ընտրվելու են լավագույնները: Մինչև դեկտեմբերի 10-15-ը կինոակադեմիայի անդամները կդիտեն ֆիլմերը: Մրցանակաբաշխությունը նախատեսված է դեկտեմբերի 28-ին:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:
Ր. Մովսիսյանի ներկայացմամբ՝ «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է մշակել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանը:
Պատասխանելով հարցին, թե «Անահիտ» մրցանակաբաշխությունն ինչո՞վ է տարբերվում «Հայակ» հայկական ազգային կինոյի մրցանակաբաշխությունից, նա ասաց, որ «Հայակ»-ը կազմակերպում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, իսկ «Անահիտը»՝ Հայկական ազգային կինոակադեմիան. «Եթե «Հայակ»-ի ժամանակ լինում է ժյուրիի նախագահ, ժյուրին հավիրում է մասնագետների, ում հետ աշխատում է, «Անահիտ»-ի դեպքում ակադեմիայի 35 անդամն են որոշում լավագույններին: Յուրաքանչյուր երկրում ազգային կինոմրցանակաբաշխությունները կազմակերպում են միայն կիոակադեմիայի կողմից, «Անահիտը» կազմակերպվում է մեր կինոակադեմիայի կողմից, որը ոչ թե պետական կառույց է, մասնավոր սեկտորի ներկայացուցիչ, այլ հասարակական կազմակերպություն, որի նպատակն է ձևավորել, գնահատել հայկական կինոյի չափանիշները»:
Նշենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան հիմնադրվել է 2011 թվականին: Սա հասարակական կազմակերպություն է, որը միավորում է հայկական կինոարվեստում, ֆիլմարտադրության և կինոգիտության բնագավառներում նկատելի ավանդ ունեցող գործիչների: Կինոակադեմիայի հիմնական նպատակն է հայկական կինոյի մասին գիտելիքներ տարածելը, նրա հարուստ ժառանգությունը ներկայացնելը և ժամանակակից ձեռքբերումներն արժևորելը: