Բերբերյան. Հայ կարտոֆիլագոծները կորցրեցին վրացական շուկան
«Հայ ֆերմերը Եվրազեսի տարածքում մրցունակ չի: Արդեն քանի անգամ հարցը բարձրաձայնում ենք, սակայն սայլը տեղից չի շարժվում»: Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով, հայ արտադրողի բերքի ինքնարժեքը բարձր է ստացվում, քանի որ ռուս ֆերմերի ծախսերի մոտ 50 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից: Հացահատիկի մեկ կգ-ի ինքնարժեքը, նրա հաշվարկով, հայ արտադրողի պարագայում կազմում է 50-60 դրամ, ռուս արտադրողի պարագայում՝ 20 դրամ:
«Կմրցի՞ էդ ցորենը շուկայում: Իհարկե, ոչ: Նույնը վերաբերում է կարտոֆիլին: Ստացվում է, որ հայ գյուղացուն արհեստական կերպով դնում են այն իրավիճակում, որ մեր գյուղմթերքը չարտահանվի»,-կարծիք հայտնեց Բերբերյանը:
Հայաստանի կառավարության կողմից՝ գյուղացուն էժան պարարտանյութ, տնկանյութ տրամադրելը Բերբերյանը բավարար չի համարում:
«Հայաստանում մեկ հա-ի հաշվարկով մոտ 5 հազար դրամի օգնություն են ցույց տալիս: Վրաստանը որ Վրաստան է, անցած տարվա տվյալներով, եթե չեմ սխալվում 250 դոլար մեկ հա-ն սուբսիդավորում է»,-ասաց նա:
Բերբերյանն ահազանգում է, որ կարտոֆիլագործները կորցրել են վրացական շուկան:
«Կարտահանվի, բայց 50 հազար տոննայի մասին պետք է մոռանանք: Նախնական հաշվարկներով, կարտահանվի 10 անգամ քիչ կարտոֆիլ»,-ասաց Բերբերյանն ու նշեց, որ այս պահին չի կարող բերքի ծավալի վերաբերյալ տվյալներ հրապարակել:
Այստեղ նա մեղադրում է պետությանը, որը չօգնեց կարտոֆիլագործներին:
«Պետք է հասկանանք, թե ուր ենք գնում: Եթե հույսներս երկու շիշ կոնյակ վաճառելն է, ուրեմն մենք ապագա չունենք: Ոլորտի վիճակը ծանր է, բայց թունելի վերջում լույս կա, եթե ճիշտ ճանապարհով գնանք, երեք տարում ոտքի կկանգնենք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները կրկնակի ավելացել են
- Իգնատի Առաքելյանը՝ կարտոֆիլի գների մասին
- Բերբերյանը պնդում է՝ կարտոֆիլի շուկայում աժիոտաժ է ստեղծվել ինչ-որ մեկի գրպանի համար
- Կարտոֆիլագործներն անելանելի վիճակում են
- ԳՆ պարզաբանումը՝ կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ
- Ներկրված կարտոֆիլի պատճառով գյուղացիները չեն կարողանում իրացնել իրեն բերքը. «Ժողովուրդ»
- Բերբերյան. Կարտոֆիլի շուկան հայ արտադրողին է
- Բերբերյանը՝ շուկայում հայտնված պարսկական, թուրքական կարտոֆիլի մասին
- Բերբերյան. «Քանի ես կամ, Հայաստանը կարտոֆիլի խնդիր չի ունենա»