Այո, բանակում կան ստոր մարդիկ. ՀՀԿ-ական
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը համաձայն է այն դիտարկումներին, որ բանակում կան մարդիկ, ովքեր թալանում են այն:
«Այո, բանակում կան ստոր մարդիկ, և ոչ միայն գեներալներ, այլ նաև գնդապետներ, դասակի, ջոկի հրամանատարից սկսած մինչև գեներալիտետ կային ու հիմա էլ կան մարդիկ, որոնք ձեռքը մտցնում են բանակի գրպանը: Սա ամենասարսափելի բանն է, սակայն տուրք տալով այդ փաստերին, որը շատ դեպքում օբյեկտիվ օրինաչափություն է, մենք էս սուրբ գաղափարը էժանացնում ենք», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իշխանական մեծամասնության պատգամավորը՝ խոսելով «1000 դրամների» վիճահարույց նախագծի մասին:
Պատգամավորը նկատեց, որ հավաքվող գումարով բանակի խնդիրները չեն լուծվում, բայց նա վստահ է, որ այս նախաձեռնությունը երկար տարիներ հետո «այս գաղափարը կունենա այլ որակ»: Հետևաբար, ըստ Հարությունյանի, այժմ որոշ քաղաքական գործիչների կողմից բարձրացված «աժեոտաժը արհեստական է»:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է ստեղծել հիմնադրամ, որը կմիավորի թե պետությունից, թե հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:
Նախագծով նախատեսվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:
Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին՝ ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձին: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին