Ես ուղղակի ցնցվեցի, երբ Շիրխանյանն ասաց, որ երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել. Փաստաբան
Պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեք օր առաջ տեսակցել է իր պաշտպանյալի հետ և, ինչպես ինքն այսօրվա ասուլիսում հայտարարեց, ցնցվել:
«Պարոն Շիրխանյանն ասաց, որ այս 11 ամիսների ընթացքում, ինչ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ավելի քան 4000 դեղահաբ է խմել, որոնց արդյունքը եղել է այն, որ նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել», -այսօրվա ասուլիսում փոխանցեց փաստաբանը:
Նրա խոսքով, իր խցից տեսակցությունների սրահ հասնելու համար այդ 50 մետրը կտրել-անցնելու համար Շիրխանյանն օգտագործում է ձեռնափայտ և անհրաժեշտ է մեկ օգնական, որին հենվելով կարողանա քայլել:
«Բացի այդ, ես ուղղակի ցնցվեցի, երբ նա ասաց, որ երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել, քանի որ լողանալու համար նա պետք է իջնի մեկ հարկ ներքև և կանգնի ցնցուղի տակ, ինչն ի վիճակի չէ անել»,- հավելեց փաստաբան Ալումյանը:
Փաստաբանի մտավախությունն է, որ եթե այսպես շարունակվի, Շիրխանյանը հնարավոր է՝ ողջ չմնա և չհասցնի իր դատին:
«Անցյալ շաբաթ փորձեցինք կազմակերպել Վահան Շիրխանյանի հանդիպումը լրագրողնրեի հետ, որի իրականացման համար օրենսդրական որևէ խոչընդոտ գոյություն չունի, բայց հիշում եք՝ ինչ տգեղ քայլերի դիմեց քրեակատարողական հիմնարկը, որ այդ հանդիպումը չկայանա: Իրենք վախենում էին, որ դուք կտեսնեք, թե ինչ վիճակում է Շիրխանյանը, որովհետև ձեզ համար պարզ կլիներ, որ նրան աստիճանաբար սպանում են», -հավելեց Ալումյանը:
Այդուհանդերձ, Շիրխանյանի առողջական վիճակի հարցով նա ասաց, թե դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, արդարադատոթւյան նախարարություն, ինչպես նաև ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչություն, բայց պատասխան է ստացել միայն ՄԻՊ-ից:
«ՄԻՊ-ը որոշում է կայացրել, որի համաձայն, խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, և բացի, այդ առաջարկել նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց ու պահանջել, որ նման խախտումներ թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն: ՄԻՊ-ի այդ որոշումը, վստահ եմ, ստացել է նաև արդարադատության նախարարությունը, որից առ այսօր պատասխան չկա»,-նշեց Հայկ Ալումյանը:
Նշենք, որ զինված խմբի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան, և այն գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում: Դատական նիստի մեկնարկի օր դեռևս հայտնի չէ:
Հարակից հրապարակումներ`
- Զինված խմբի գործով դատավորը Արմեն Բեկթաշյանն է
- Շիրխանյանը պետք է հրապարակեր՝ ում կողմից և ինչու է իր նկատմամբ հետապնդում իրականացվում. Փաստաբան
- ՔԿՀ վարչությունը չի առարկել, և Շիրխանյանը կալանավայրից ասուլիս կտա
- Վահան Շիրխանյանն այժմ պատանդի կարգավիճակում է. Փաստաբան