Արծրուն Հովհաննիսյանը՝ Մովսես Հակոբյանի վերաբերյալ լուրերի մասին
«Եթե կան նման նյութեր և դրանցով զբաղվում են, ապա մասնագետները պետք է տան դրանց վերջնական գնահատականը», -այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունը:
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերին այսպիսի գրառում էր արել. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:
ՀՀ գլխավոր դատախազությունը Բադասյանի հայտարարությունների հիման վրա մամուլում արված հրապարակումները և դրանցում մատնանշված հանգամանքները ստուգելու համար ուղարկել էր Քննչական կոմիտե:
ՊՆ խոսնակն ասաց, որ ՊՆ-ն ներքին աուդիտ, ուսումնասիրություն անցկացրել է և մամուլին տվել է պարզաբանումներ, սակայն ավելի մանրամասն այդ մասին կպարզի նշանակված քննությունը:
Հովհաննիսյանը նկատեց, որ Մովսես Հակոբյանը բազմիցս է հայտարարել, որ նորմալ է վերաբերվում ցանկացած խախտման կամ դրա մասին արվող հայտարարության քննությանը:
«Եթե գնում է քննություն, սխալ եմ համարում քննության ընթացքում որևէ բան հայտնել, թե ինչ ենք պարզել քննության ընթացքում: Թողենք թող քննությունն ավարտվի և հետո միայն կամ հերքվի կամ պարզաբանվի», -օգտատիրոջ հարցին ի պատասխան ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե ՊՆ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները անհանգստացնող փաստեր ջրի երես հանե՞լ են, Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով.
«Նշված ընկերությունը, որը ըստ Բադասյանի, կապ ուներ Մովսես Հակոբյանի հետ, իսկ իրականում՝ Մովսես Հակոբյանի եղբոր հետ, մատակարարում էր իր նշած գումարից շատ ավելի ցածր գնով: Պայմանագրի ապացույցներով, փաստերով մենք ներկայացրել ենք: Բացի այդ, մատակարարում էր ծավալի մի չնչին հատվածը, որի պահանջարկը ներկայացրել էր Պաշտպանության նախարարությունը կամ պաշտպանության բանակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին