Փոփոխությունների անհրաժեշտություն կա նաև քաղաքական մթնոլորտում. վարչապետ
«Աշխատանքներ են տարվում տնտեսությունում առկա խնդիրների ախտորոշման ուղղությամբ»,-այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետի խոսքով՝ կառավարության կարճաժամկետ ծրագրում հստակ սահմանվել են այն միջոցառումները, որոնք կարող են արագ արդյունք ապահովել:
«Կառավարությունն այսօր ստանձնել է բարեփոխումների իրականացման պատասխանատվություն, ինչը նշանակում է, որ փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզանից: Փոփոխություններ պետք է արվեն կառավարման համակարգում, տնտեսության զարգացման ծրագրերում, տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա նաև քաղաքական մթնոլորտում:
Վարչապետն ավելացրել է, որ կառավարության առաջնային խնդիրներից է լինելու մշակել և առաջարկել դատաիրավական ոլորտի բարեփոխումների փաթեթ՝ ուղղված նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ առումով, Կարեն Կարապետյանը կարևորել է նաև միջավայրի փոփոխությունը, ինչը կնպաստի կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի նվազեցմանը և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք քայլեր:
Համազեկուցողները կարևորել են նշված ուղղություններով կառավարության հետևողական քաղաքականությունը, նշել, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրին՝ բարեփոխումների իրականացման գործում: