Հայաստանում նորաստեղծ պրոբացիոն ծառայության հետ մեծ հույսեր են կապում
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ներդրված պրոբացիոն ծառայության հետ արդարադատության ոլորտի ներկայացուցիչները մեծ հույսեր են կապում:
«Պրոբացիայով մենք էական փոփոխություններ ենք ակնկալում», -այսօր «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նորաստեղծ պրոբացիայի ծառայությունում, որը ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա, աշխատելու են ոչ թե զինծառայողներ, այլ քաղաքացիական ծառայողներ, որոնք անմիջական շփման մեջ են լինելու դատապարտյալների հետ:
Ծառայությունն այժմ գործում է որպես արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանում. այն ունի պետ, տեղակալներ և մարզային ստորաբաժանումներ:
Պրոբացիոն ծառայությունը այժմ կիրառվում է փորձնական, մինչև վերջնականապես կընդունվեն նոր Քրեական օրենսգիրքն ու նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, քանի որ դրանցով նախատեսվում են այլընտրանքային պատիժներ, խափանման նոր միջոցներ ու այլ գործառույթներ:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սպասվում է, որ պրոբացիոն ծառայության գործարկման արդյունքում 30 տոկոսով կկրճատվի քրեակատարողական հիմնարկներում կալանավորների թիվը: Բացի այդ, այլընտրանքային պատժատեսակների՝ տնային կալանք, էլեկտրոնային հսկողություն և այլն, կիրառման դեպքում ևս սպասվում է 30-40 տոկոսով պակասի ազատազրկման վայրերում պատիժը կրող անձանց թիվը:
«Սա չի նշանակում, թե դա կլինի մեկ օրում, որովհետև բացի օրենսդրությունից, ծառայության ստեղծումից, մենք աշխատանք ենք կատարում քննիչների, դատախազների ու դատավորների հետ, որ այս ծառայության նկատմամբ վստահություն լինի, որպեսզի քննիչը վստահի այս ծառայությանը և ոչ թե կալանքը որպես խափանման միջոց ընտրի, այլ այլընտրանքային խափանման միջոց կիրառվի», -հավելեց պարոն Քրմոյանը:
Պրոբացիոն ծառայության փորձնական ծրագրի արդյունքները, պաշտոնյան հետաքրքիր է համարում: Նրա խոսքով, քննիչներն ու դատավորներն իրենք էլ կարիք ունեն այլընտրանքային պատիժներ կիրառելու համար:
«Եթե իրենց հետ խոսում ենք, ասում են՝, որ ունեն միայն կալանք, ստորագրություն և գրավ խափանման միջոցներ և այդ գործիքակազմով չեն կարողանում լայն աշխատել և ստիպված, երբ մի փոքր ռիսկայնություն կա, կիրառում են կալանք: Բայց եթե մենք ունենանք տնային կալանք, վարչական և էլեկտրոնային հսկողություն դատավորները նաև դրանք կկիրառեն, քանի որ այդ գործիքակազմի կարիքն ունեն», -նշեց Քրմոյանը:
Պրոբացիայի պետական ծառայությանն իր աշխատանքում աջակցում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպությունը, որի տնօրեն Աննա Մելիքյանն ասաց, որ ծառայության բեռը ծանր է, քանի որ նրան պետք է աշխատեն ոչ միայն դատապարտյալների, այլ նաև կալանավորների հետ:
Պրոբացիոն ծառայության գործառույթների շրջանակում է նաև անձի վերասոցիալականացման բաղադրիչը, ինչի շրջանակում նախատեսվում է դատապարտյալի զբաղվածության ապահովումը կամ մասնագիտական ուսուցումը:
«Մենք օրինակ, մեր ծրագրի շրջանակում նախատեսում ենք ստեղծել մասնագիտական ուսուցման հնարավորություններ շահառուների համար, որպեսզի նրանք կարողանան օրինական եկամուտ ձեռք բերել ու նորից չկատարել հանցագործություն: Իրականում, մեր կարծիքով, ամենակարևորն այն է, որ ծառայությունը կարողանա պատշաճ գնահատել շահառուի ռիսկերը և քրեածին կարիքները», -նշեց Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը
- Պրոբացիայի ծառայությունը թույլ կտա պատշաճ երկխոսություն ապահովել հանցագործություն կատարած անձի և տուժողի միջև. փոխնախարար
- Պրոբացիայի ծառայության ամբողջական ներդրման դեպքում 1-3 միլիարդ դրամով ծախսերը կնվազեն. Քրմոյան
- Պրոբացիայի ծառայությունը ﬕ քանի կարևոր ֆունկցիաներ իրականացնելուց զատ, ունի մի շատ կարևոր գործառույթ. Ա.Հովհաննիսյան
- Կառավարությունը հավանություն է տվել ««Պրոբացիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին
- Մեր առաջնահերթություններից մեկը պրոբացիայի ծառայության ներդրումն է 2016-ին. Արփինե Հովհաննիսյան
- Պատժի կատարման համակարգի բարեփոխումներին է միտված պրոբացիայի ծառայության ստեղծումը. Ա.Դանիելյան
- Պրոբացիայի պիլոտային ծրագիր. Երեք դատապարտյալ ընդունվել է աշխատանքի
- Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան
- Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան